«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ գործում է 2017թ. սեպտեմբերից: Ընկերության հիմնադիրն է «SYLEX SA» (Շվեյցարիա) և  «Մեյսիս Ապահով» (Հայաստան) ՍՊԸ-ներից բաղկացած համատեղ ձեռնարկությունը, որը ճանաչվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն կառավարման փոխանցելու նպատակով ՀՀ կառավարության հայտարարած մրցույթի հաղթող: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը կառավարող օպերատորն է։ Օպերատորը հիմնադրման պահից երրորդ անձանց առջև գործում է կոնցեսիայի պայմանագրով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը և ընկերության կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը 2021 թվականին  հեղինակավոր  TÜV NORD CERT  ընկերության կողմից սերտիֆիկացվել  են միջազգային ISO/IEC 27001  ստանդարտով: Սերտիֆիկատը տրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառավարման, E-health հավելվածների աջակցության ու սպասարկման համար:


Օպերատորի գործառույթները ներառում են


Համակարգի տեխնիկական կառավարում և բարելավում
սերվերային, ցանցային և տեխնիկական ենթակառուցվածքի պահպանում և շահագործում, դրանց կազմի և կառուցվածքի բարելավման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, պահպանում և վերազինում
Բաժանորդների և օգտագործողների սպասարկում
մշտապես գործող սպասարկման կենտրոնի միջոցով
Ծրագրակազմի սպասարկում
համակարգի ծրագրային ապահովման անխափան շահագործում, ծրագրային գործիքակազմի շարունակական բարելավում, ծրագրային թարմացումների ձեռքբերում ծրագրային ապահովումների մատակարար հանդիսացող ընկերություններից։
Օգտագործողների ուսուցում՝
էլեկտրոնային առողջապահության ակադեմիա  նախաձեռնության շրջանակում

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ հիմնադիրները

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ հիմնադիրներն են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող՝ «SYLEX SA» (Շվեյցարիա) և «Մեյսիս Ապահով» (Հայաստան) ընկերությունները։






«SYLEX SA» (Լոզան, Շվեյցարիա)


Ընկերությունը նշանակալի փորձ ունի էլեկտրոնային առողջապահության համակարգերի և ապահովագրության ընկերությունների համար ծրագրային ապահովումների մշակման ոլորտներում։
Վերջին շրջանում ընկերությունը մասնագիտացած է ազգային, ռեգիոնալ և տեղական մակարդակներում էլեկտրոնային առողջապահական համակարգերի տեղայնացման ու ինտեգրման, ինչպես նաև արհեստական բանականության օգտագործմամբ՝ կլինիկական որոշումների աջակցման համակարգերի մշակման ոլորտներում։

«Sylex»-ը համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների, խոշոր ապահովագրական ընկերությունների, առողջապահական ծառայություններ մատուցողների և ֆինանսական ինստիտուտների հետ և վստահելի գործընկերոջ համբավ ունի։



«Մեյսիս Ապահով» (Հայաստան)


«Մեյսիս Ապահով» ՍՊԸ հիմնադրվել է 2009 թ․ Հայաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է ապահովագրական կառավարման ամբողջական համակարգերի և էլեկտրոնային առողջապահական համակարգերի մշակման մեջ։ Ընկերության կողմից նախագծվել ու ներդրվել են տեղեկատվական խոշոր համակարգեր Հայաստանում ու Հայաստանից դուրս։