Տվյալների պաշտպանություն և անվտանգություն

Առողջության պատմության հասանելիությունը բուժաշխատողին որոշում է պացիենտը: Բուժաշխատողը կարող է մուտք ունենալ պացիենտի առողջության մասին տվյալներին միայն նրա համաձայնությամբ կամ արտակարգ պատահարների դեպքում՝ անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով:

Պացիենտի առողջության պատմությունը դիտելու յուրաքանչյուր դեպք գրանցվում և անժամկետ պահպանվում է համակարգում, և պացիենտն իր առողջության պատմության անձնական էջից կարող է տեսնել այդ դեպքերը։ Անօրինական մուտքի բացահայտման դեպքում հնարավոր է իրականացնել հետաքննություն և ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումներ։

 

Անվտանգություն

էլեկտրոնային առողջապահության համակարգը ձեռք բերելիս համապատասխան պետական մարմինների և ներգրավված մասնագետների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի մասնագետների կողմից գնահատվել են համակարգի անվտանգությունը և հնարավոր ռիսկերը: Համակարգը ներդնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը։

Էլեկտրոնային առողջապահության համակարգը հիմնված է անվտանգության ու տվյալների պաշտպանության լավագույն փորձի վրա: Անձնական տվյալները պահպանվում են առաջատար արտադրողների սարքավորումների վրա, համակարգի հետ կապը պաշտպանված և գաղտնագրված է:

Համակարգի մուտքի համար օգտագործվում են անձի խիստ նույնականացման մեխանիզմներ․անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից՝ հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային և ապարատային գործիքների կիրառմամբ:

Համակարգը պաշտպանված է չարտոնված մուտքերից և հարձակումներից՝ ոլորտում կիրառվող լավագույն գործիքներով։