Պացիենտի անձնական էջի միջոցով առաջարկվող հնարավորություններ

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ hամակարգում գրանցվելուց հետո քաղաքացուն հասանելի է դառնում պացիենտի անձնական էջը (Patient Portal), որը նա հնարավորություն ունի առցանց կառավարել։



Համակարգի ներդրման այս փուլում պացիենտի անձնական էջի միջոցով հասանելի են հետևյալ հնարավորությունները․



  • Կցագրում առաջնային օղակի բուժհաստատություններին

    Բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա իրականացվում է բնակչի կցագրումն առաջնային օղակի բուժհաստատությանը։ Պացիենտի անձնական էջում բնակիչը կարող է տեսնել, թե առաջնային օղակի որ բուժհաստատությանը և որ բժշկի մոտ է կցագրված։
  • Հասանելիություն իր առողջության պատմությանը

    Պացիենտը կարող է տեսնել իր անձնական բժշկական պատմությունը ըստ բուժհաստատությունների կողմից լրացված տվյալների։ Մասնավորապես՝ ախտորոշումները, մատուցված ծառայություններն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները, ինչպես նաև այցի գրանցման և ծառայությունների մատուցման ժամանակացույցերը։


* Այս փուլում հասանելին են միայն պետպատվերի կամ սոցփաթեթի շրջանակում սպասարկված պացիենտների տվյալները։


Պացիենտի անձնական էջի միջոցով առաջիկայում առաջարկվող հնարավորություններ



  • Պացիենտի այցերի էլեկտրոնային գրանցման համակարգի (e-Booking) գործարկում

    e-Booking համակարգն արդեն մշակված և փորձարկված է։ Այն լիարժեք կգործի, եթե համակարգին միացած բուժհաստատությունները մուտքագրեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու բժշկական անձնակազմի աշխատանքի ժամանակացույցը։ Դա հնարավորություն կընձեռի պացիենտի անձնական էջի միջոցով այց գրանցել, իսկ տվյալ բուժհաստատության ընդունարանի կողմից այն կարող է հաստատվել կամ մերժվել։
  • Միասնական էլեկտրոնային բժշկական քարտի (Electronic health records) ներդրում

    Միասնական էլեկտրոնային բժշկական քարտի ներդրումը նպատակ ունի բուժող բժշկին հնարավորություն տալ տեսնելու պացիենտի առողջության պատմությունը, ինչը կնպաստի ճշգրիտ որոշումների կայացմանը, կբարձրացնի բժշկի պատասխանատվությունը՝ կայացրած ախտորոշման ու բուժման վերաբերյալ։

    Միասնական էլեկտրոնային բժշկական քարտը պարունակելու է․
    • Պացիենտի առողջական վիճակի, նախկինում ունեցած և ներկայումս առկա հիվանդությունների մասին տեղեկություն,
    • Պացիենտի ստացած պատվաստումների, հակացուցումների, ալերգիաների և պատշաճ բուժման համար անհրաժեշտ այլ էական տվյալներ,
    • Պացիենտի հետազոտությունների, ախտորոշումների, նշանակումների և դեղատոմսերի մանրամասներ։
  • «Խնամքի պլան» բաժնի գործարկում

    Պացիենտի անձնական էջի այս բաժնում պացիենտը հնարավորություն ունի, անկախ գտնվելու վայրից, տեսնել իր բուժման հետ կապված խնամքի պլանը, այն է՝ երբ դեղեր ընդունել, ինչպիսի գործողություններ կատարել և այլն։
  • Բժշկական բոլոր փաստաթղթերի պահպանում էլեկտրոնային ֆորմատով

    Բազմաբնույթ բժշկական փաստաթղթերի, այդ թվում՝ լաբորատոր թեստերի ու ճառագայթային դիագնոստիկայի պատկերների պահպանումը կիրականցվի էլեկտրոնային ֆորմատով և մշտապես հասանելի կլինի համակարգում՝ զերծ պահելով դրանց կորստի պարագայում բուժհաստատությանը կրկին դիմելու խնդրից։
  • Բուժհաստատությունների, ախտորոշիչ կենտրոնների մատուցած ծառայությունների որակի գնահատական

    Պացիենտի անձնական էջում քաղաքացին կարող է տեսնել բոլոր բուժհաստատությունների, ախտորոշիչ կենտրոնների մատուցած ծառայությունները, այլ պացիենտների կողմից դրանց տրված գնահատականները, ինչպես նաև՝ թողնել սեփական գնահատականը։ Սա հնարավորություն կընձեռի նրան առավել տեղեկացված ընտրություն կատարել։
  • Հեռաբժշկության ծառայություն

    Այս ծառայության միջոցով պացիենտը հնարավորություն կունենա կապ հաստատել բժշկի հետ, և վերջինս տեսազանգի և առցանց հաղորդագրությունների միջոցով հեռահար բժշկական խորհրդատվություն կարող է մատուցել պացիենտին։
  • Նշանակված դեղորայքի օգտագործման ժամկետն առցանց երկարացնելու հնարավորություն (Refilling a Prescription)

    Պացիենտի անձնական էջի միջոցով հնարավոր կլինի նախկինում նշանակված դեղորայքի օգտագործման ժամկետը երկարացնել։ Այս գործառույթը հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտների համար։