Համակարգի մասին

Հայաստանի Հանրապետությունում Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգը հանդես է գալիս որպես տվյալների փոխանցման համապարփակ և համաժամանակյա հարթակ երեք տեսակի տվյալների համար` կլինիկական, վարչական և ֆինանսական:

Համակարգի միջոցով ներկայումս իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման (պետական պատվերի) և սոցիալական փաթեթի շրջանակում սպասարկվող այցերին վերաբերող վարչական, ֆինանսական և որոշ կլինիկական տվյալների գրանցումն ու փոխանցումը, պետության և ապահովագրական կազմակերպությունների կողմից փոխհատուցումները:

Համակարգում առկա է 2.9 մլն քաղաքացու անձնական բժշկական քարտ։ Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական էջ կարող է մուտք գործել իր նույնականացման քարտի (ID քարտ) PIN կոդով՝ armed.am կայքի միջոցով։

Պացիենտի անձնական էջն այժմ տեղեկություն է պարունակում այն մասին, թե տվյալ քաղաքացին որ պոլիկլինիկայում և պոլիկլինիկայի որ բժշկի մոտ է կցագրված։ Պետպատվերով և սոցփաթեթով սպասարկված քաղաքացիների դեպքում դրանք տեղեկություն են պարունակում նաև այցի շրջանակում ստացած բուժման մասին։

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ամբողջական գործարկումից հետո քաղաքացին հնարավորություն կունենա իրեն վերաբերող առողջապահական տեղեկությունը տեսնել և կառավարել մեկ կետից։



Էլեկտրոնային առողջապահության համակարգի առավելությունները



Կլինիկական ռիսկերի նվազեցում

Համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց դիտել յուրաքանչյուր պացիենտի առողջության պատմությունն ու բուժման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, և դրա հիման վրա կայացնել տեղեկացված որոշումներ նրա բուժման վերաբերյալ:


Ժամանակի տնտեսում

Պացիենտի առողջության մասին տվյալները նրա համաձայնությամբ առցանց հասանելի են բժիշկներին ամենուր՝ անկախ բուժհաստատության և պացիենտի գտնվելու վայրից: Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմությունը հնարավորություն է տալիս թղթերի կույտը փոխարինել էլեկտրոնային տվյալներով, որոնք հնարավոր է արագ գտնել, իսկ դրանք կորցնելու ռիսկերը բացառված են: Էլեկտրոնային առողջապահության համակարգը նաև հնարավորություն է տալիս գտնել բժիշկ, առցանց հերթագրվել, ստանալ էլեկտրոնային դեղատոմս, եթե կրկնակի զննության անհրաժեշտություն չկա:


Ծախսերի կրճատում

Համակարգի միջոցով հնարավոր է դիտել պացիենտի բոլոր հետազոտությունների արդյունքները, ինչը հնարավորություն է տալիս խուսափել դրանց անհարկի կրկնությունից:


Տվյալների վրա հիմնված առողջապահության խթանում

Էլեկտրոնային առողջապահության համակարգը համապատասխան գերատեսչություններին հնարավորություն է տալիս ստանալ ճշգրիտ վիճակագրական տվյալներ Հայաստանում առողջապահության ընդհանուր պատկերի վերաբերյալ: Այն խթանում է կանխարգելիչ առողջապահությունը, օգնում վաղ փուլի ախտորոշումներին և նվազեցնում համաճարակների բռնկման ռիսկերը:


Հասանելիություն

Էլեկտրոնային առողջապահության համակարգը հնարավորություն կտա լուծել սահմանամերձ համայնքներում բարձրորակ բուժծառայությունների պակասի խնդիրը:



Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաղադրիչները


Էլեկտրոնային առողջապահության համակարգը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

  • բիզնես ռեգիստր, որը ներառում է առողջապահական ծառայություններ մատուցողների շտեմարան
  • մատուցվող ծառայությունների շտեմարան
  • բժշկական ծառայություններ մատուցողին կցագրված բնակչության գրանցամատյան 
  • բժշկական սարքավորումների, տեխնիկական միջոցների ու բժշկական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ այլ էական նյութական ռեսուրսների գրանցամատյան։



Էլեկտրոնային առողջապահության համակարգի ծրագրային ենթաբաղադրիչներն են


Պացիենտների հոսքի կառավարման մոդուլ, որը ներառում է

  • Բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով պացիենտների գրանցման, հերթագրման և ուղեգրման ենթամոդուլ
  • Պացիենտների այցերի և դեպքերի գրանցման ենթամոդուլ
  • Ավագ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի աշխատանքի և զբաղվածության ժամանակացույց
  • Բժշկական սարքավորումների, տեխնիկական միջոցների և բժշկական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ այլ նյութական ռեսուրսների հասանելիության և զբաղվածության ժամանակացույց:

Պացիենտի առողջության էլեկտրոնային պատմություն, որը պարունակում է

  • Ախտորոշումների մասին տեղեկություն
  • Լաբորատոր հետազոտությունների արդյունքներ
  • Ընդունած դեղամիջոցների ցանկ
  • Այցերի մասին տեղեկություն և այլ մանրամասներ, որոնք ներմուծվել են բուժաշխատողների կողմից:

Հաշվետվությունների մոդուլ, որը ներառում է

  • Ըստ տարիքասեռային խմբերի կցագրված բնակչության քանակային հաշվետվություն
  • Պետպատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների քանակային և գումարային հաշվետվություններ
  • Սոցիալական փաթեթի ապահովագրության շրջանակներում մատուցված ծառայությունների քանակային և գումարային հաշվետվություններ
  • Ըստ իրականացաված չափումների և գործողությունների քանակային հաշվետվություն

Ապահովագրական հայցերի և նախնական հարցումների կառավարման մոդուլ, որը ներառում է

  • Ապահովագրական հայցերի և նախնական հարցումների մերժման և հաստատման հնարավորություն
  • Մերժված, հաստատված, չեղարկված և ավտոմատ կերպով հաստատված հայցերի ֆիլտրման և արտահանման հնարավորություն

Վերլուծական մոդուլի հնարավորություն, որը ներառում է

  • Ըստ բուժաշխատողների մասնագիտությունների և հիվանդանոցների քանակային տվյալների ստացում
  • Կցագրված բնակչության քանակային տվյալների ստացում ըստ բուժհաստատությունների
  • Ախտորոշումների քանակական տվյալների ստացում՝ ըստ բուժհաստատությունների
  • Այցերի քանակական տվյալների ստացում՝ ըստ օրերի և բուժհաստատությունների։