EU4Digital ծրագրի շրջանակում Ավետ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել է eHealth-ի ներդրմանը նվիրված քննարկումներին
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը Թբիլիսիում մասնակցել է Էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգի ներդրմանը նվիրված սեմինար-քննարկումներին, որն անցկացվում էր Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնության՝ EU4Digital ծրագրի շրջանակում:
Սեմինարի նպատակը EU4Digital ծրագրի շրջանակում անդամ-երկրների կողմից էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքների քննարկումն ու գործողությունների համաձայնեցումն է՝ 2020թվականին 20 թիրախային արդյունքներին հասնելու համար:
Ավետ Մանուկյանը ներկայացրել է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ընթացքը՝ նշելով, որ ներկայումս էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով իրականացվում է պետական պատվերի և սոցիալական փաթեթի շրջանակում սպասարկվող այցերին վերաբերող վարչական, ֆինանսական և որոշ կլինիկական տվյալների գրանցումն ու փոխանցումը, պետության և ապահովագրական կազմակերպությունների կողմից փոխհատուցումները: Նա նշել է, որ համակարգը տեխնիկապես պատրաստ է լիարժեք գործարկման, որը նախատեսվում է օրենսդրական համապատասխան կարգավորումներից հետո:
Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրների ներկայացուցիչները պատմել են Էլեկտրոնային առողջապահության (eHealth) համակարգի ներդրման իրենց փորձի մասին: