Օտարերկրյա քաղաքացիների պատվաստման և Armed-ում QR կոդ ստանալու մասին
Armed eHealth բջջային հավելվածի միջոցով Armed-ում գրանցվել և QR կոդ ստանալ կարող են օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության քարտ:
Օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր չունեն կացության քարտ և նրանց տվյալներն առկա չեն Բնակչության պետական ռեգիստրում, չեն կարող Armed eHealth բջջային հավելվածի միջոցով գրանցվել Armed-ում, սակայն պատվաստվելուց հետո բուժհաստատությունից կարող են պահանջել և ստանալ QR կոդ պարունակող թղթային հավաստագիր:
Ինչո՞վ է սա պայմանավորված
Կացության քարտի առկայության դեպքում՝ անձի տվյալները նույնականացվում են Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ, ստուգվում է համապատասխանությունը և նրանք կարողանում են գրանցվել ու Armed-ում տեսնել իրենց QR կոդը:
Ի՞նչ պետք է անեն օտարերկրյա քաղաքացիները
Մենք հաճախ ենք օտարերկրյա քաղաքացիներից ստանում նամակներ՝ իրենց տվյալներում և մուտքագրման ֆորմատում առկա անճշտությունների մասին:
Նման խնդիրներից խուսափելու համար՝ օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվում է բուժհաստատությունում պատվաստվելիս՝
- անպայման ներկայացնել իրենց կացության քարտը (եթե ունեն), եթե չունեն՝ ներկայացնել անձնագիր,
- հետևել, որպեսզի իրենց տվյալները (հիմնականում օտարահունչ անուն, ազգանունը) ճիշտ մուտքագրվեն,
- պատվաստման երկրորդ դեղաչափն ստանալու ժամանակ անպայման այդ մասին տեղեկացնել բուժհաստատությանը և ներկայացնել կա՛մ կացության քարտ (եթե ունեն), կա՛մ անձնագիր, որպեսզի կատարվի տվյալների ստուգում և նույնականացում՝ առաջին դեղաչափի ժամանակ մուտքագրված տվյալի հետ:
Պատվաստումն իրականացնող բուժհաստատություններին ու բուժաշխատողներին, հետագայում տվյալների ճշգրտման հետ կապված խնդիրներից խուսափելու համար, առաջարկվում է.
- օտարերկրյա քաղաքացիների օտարահունչ անունները մուտքագրել՝ ըստ նրանց անձը հաստատող փաստաթղթի,
- անպայման հարցնել կացության քարտի առկայության մասին, եթե չունեն՝ պահանջել անձնագիր
- մուտքագրումները կատարել կարգավիճակներին համապատասխանող դաշտերում (կացության քարտ ունեցող և չունեցող),
- անպայման տեղեկանալ՝ արդյո՞ք դիմողը ստացել է առաջին դեղաչափը (տվյալների ստուգման և նույնականացման համար):