Էլեկտրոնային դեղատոմս ու մատյաններ, հետազոտությունների ստանդարտացում. ի՞նչ փուլում են էլեկտրոնային առողջապահության բարեփոխումները

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության բուժհաստատություններում գրանցամատյանների վարումն արդեն սկսել է իրականացվել բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպե՞ս է դա կատարվում, և ո՞րն է նման նորարարության  նպատակն ու նշանակությանը։ Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել ՝ էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգը սպասարկող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ։

 -Պարոն Մանուկյան, ՀՀ առողջապահության նախարարի 2022թ. մայիսի 3-ի թիվ 24-Ն հրամանի համաձայն՝ մայիսի կեսերից սկսած բուժհաստատություններում մի շարք գրանցամատյանների վարումը  սկսել է իրականացվել էլեկտրոնային եղանակով: Մատյանները վարվելու են էլեկտրոնային առողջապահության 
«ԱՐՄԵԴ» համակարգում: Ինչպե՞ս են աշխատանքներն ընթանում, համակարգը պատրա՞ստ է դրան, և ինչո՞վ է կարևոր թղթային մատյաններից էլեկտրոնայինի անցումը։
 
 

 -«ԱՐՄԵԴ» համակարգը վաղուց էր պատրաստ նման անցման։ Համակարգում համապատասխան ծրագրային հնարավորություն ստեղծվել էր   դեռ ամիսներ առաջ և պիլոտային եղանակով փորձարկվել էր։ Առողջապահության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ՝ մեր մասնագետները նաև թրեյնինգներ են անցկացրել հանրապետության բոլոր բուժհաստատությունների աշխատակիցների համար: Ներկայացրել են, թե ինչպես են ձևավորվելու էլեկտրոնային մատյանները և ինչպես պետք է տեղեկությունը մուտքագրվի: Իրականում ծրագրային տեսանկյունից դա բավականին հեշտ պրոցես է: «ԱՐՄԵԴ» համակարգում էլեկտրոնային մատյանները ձևավորում են շատ ավելի արագ ու հեշտ, քան թղթայինները. այցերի մասին տեղեկությունն ավտոմատ եղանակով արտացոլվում է մատյաններում, իսկ տվյալների մի մասը գեներացվում է ավտոմատ:  Հուսով ենք՝ թղթայինից էլեկտրոնային մատյանների անցումը կլինի սահուն, և ոչ միայն չի դժվարացնի բուժհաստատությունների աշխատակիցների գործը, այլև ընդհակառակը՝ անհամեմատ կթեթևացնի։

 

 Ինչ վերաբերում է մատյանների էլեկտրոնային դարձնելու նշանակությանն ու կարևորությանը, ապա  պետք է նշել, որ բուժհաստատությունների կողմից ներկայումս վարվում են տասնյակների հասնող գրանցամատյաններ, որոնք լրացվում են ձեռքով: Հիմա այլևս կարիք չի լինի նույն տվյալները ձեռքով լրացնել մի քանի անգամ՝ տարբեր մատյաններում, դրանք պետք է մուտքագրել մեկ անգամ՝ համակարգում, և այդ տվյալները կարտացոլվեն մյուս՝ անհրաժեշտ մատյաններում։

Այսպիսով, էլեկտրոնային վարումը թույլ է տալու նախ ժամանակ խնայել, երկրորդը՝  ունենալ միասնական եղանակով լրացված մատյաններ, երրորդը՝ հեշտ ու արագ պատրաստել անհրաժեշտ հաշվետվությունները,  և վերջապես՝ ունենալ համակարգված, հստակ ու ամբողջական վիճակագրություն:

 Բացի այդ, մատյաններն առաջին շփումն են  պացիենտի և բուժհաստատության միջև: Պացիենտը մուտք է գործում բուժհաստատություն ծառայություն ստանալու համար, այդ փաստն արձանագրվում է մատյաններում։ Ի տարբերություն հսկայածավալ թղթային մատյանների, որոնք հետո պետք է պահպանվեն, արխիվացվեն և այլն,  այս դեպքում, էլեկտրոնային մատյանները դառնում  են այն հիմքը, որի վրա հետագայում կուտակվում է պացիենտին վերաբերող տեղեկությունը։

 

 -Վերջերս խոսվում էր նաև էլեկտրոնային դեղատոմսերի անցնելու մասին: Ինչպե՞ս է դա արվելու և երբվանից կգործի։ 

 -Մատյաններից բացի կա ևս երկու կարևոր բաղադրիչ, որոնցից մեկը  էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումն է, մյուսը՝ լաբորատորիների հետազոտությունների տվյալների մուտքագրումը «ԱՐՄԵԴ» համակարգ: Էլեկտրոնային դեղատոմսերի մասը պիլոտային եղանակով փորձարկվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Փորձարկվել են տարբերակները ՝ պետպատվերով և վճարովի բուժվողների պարագայում: Այսինքն, իմաստն այն է, որ  բժիշկը դեղատոմս է գրում, որը  հասանելի է դառնում դեղատան համար։ Եվ պացիենտը կարող  է մոտենալ, դեղատնից ստանալ դեղորայքը։

 

Էլեկտրոնային դեղատոմսը  գործածության մեջ մտնելու համար պետք է  դեղերի ռեգիստրը պատրաստ լինի դրան։ Այդ նպատակով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի հետ աշխատանքներ են տարվել, վերջնական տեսքի է  բերվել  դեղերի ցանկը, այն շրջանառվել, հաստատվել է,  և արդեն առկա է «ԱՐՄԵԴ» համակարգում։ Սա այն կարևոր քայլն է, որ պետք է արվեր մինչև էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, և արդեն կարող ենք արձանագրել, որ արված է։

Հաջորդ կարևոր  բաղադրիչը լաբորատորիաներին է վերաբերում: Որպեսզի լաբորատոր բոլոր հետազոտությունները  կուտակվեն մեկ վայրում՝ պացիենտի անձնական հաշվում, չափումների համար պետք է գործի կոդավորման միևնույն համակարգը:  Օրինակ՝ մի լաբորատորիայում լեյկոցիտների հետազոտությունները կարող են կոչվել հենց այդպես՝ լեյկոցիտների, մեկ այլ լաբորատորիայում՝ արյան սպիտակ գնդիկների, և համակարգը  չհասկանա, որ դա նույն պարամետրն է: Նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է տարվել ստանդարտացման ուղղությամբ։ Մշակվել է նախնական ցուցակ՝ 3500 չափումով,  որը  շրջանառվել է  հանրապետության բոլոր 140 լաբորատորիաներում։ Առաջարկվել է ավելացնել իրենց կողմից արվող այն հետազոտությունները, որոնք  ցուցակում ընդգրկված չեն։ Արդյունքում, արդեն ունենք 16  հազար չափում պարունակող ցուցակ, որը ևս մեկ անգամ կշրջանառվի։

 Դա կարևոր է, քանի  որ պետք է  վստահ լինենք, որ չկա այնպիսի լաբորատոր հետազոտություն,  որը  մեր ցուցակում ընդգրկված չէ։ Միայն սրանից հետո արդեն լաբորատորիաները կարող են ինտեգրվել ԱՐՄԵԴ համակարգին, և լաբորատոր հետազոտությունները ևս հասանելի կլինեն պացիենտի համար։ Բացի այդ, ստանդարտացումը  կօգնի նաև, որպեսզի մեր լաբորատորիաների հետազոտություններն արտերկրի բուժհաստատությունների համար հասկանալի լինեն: Ստանդարտացնելիս օգտագործվում են միջազգային կոդեր։ Ուստի կարևոր է, որ նաև քաղաքացին պահանջի, որպեսզի իր  կամ պետության վճարած գումարի դիմաց իրեն տրամադրված բուժծառայությունները էլեկտրոնային հետք ունենան և  կուտակվեն իր անձնական հաշվում։ Դա կարող է կարևոր լինել նրա իսկ կյանքի համար։

 -Շատ երկրներում կա EHR (Electronic health record)  հասկացությունը, երբ պացիենտի առողջության պատմությունը հասանելի է լինում նրան բուժող բժշկին։ Մեզ մոտ ե՞րբ կլինի նման բան:

 -Շատ տեղին և կարևոր հարց եք բարձրացնում։ Մեզ մոտ ևս այդ ուղղությամբ քայլեր արվում են, և այն  գործընթացները, որոնց մասին խոսեցի,  իրականում այս ամենի  նախապատրաստական աշխատանքներն են: Ինչպես շատ առաջադեմ երկրներում, մեզ մոտ էլ կա երկու տեսակի քարտ՝ ամբուլատոր քարտ և պատմագիր։

Ամբուլատոր քարտը վերաբերում է առաջնային օղակին, այնտեղ ստացած ծառայություններին, և դրա  էլեկտրոնային տարբերակն արդեն պատրաստ է, իսկ ստացիոնար այցերին վերաբերող քարտը կամ  պատմագիրը ներառում է հիվանդանոցային բուժման ընթացքը, այնտեղ պացիենտի հետ կատարված գործողությունները։ Այս  մասով, կարելի է ասել, նույնպես մեծ  ծավալի աշխատանք է կատարվել և դեռ շարունակվում է։ Այն, ինչ լրացվում է թղթի վրա, պետք է մուտքագրվի համակարգում՝ հաստատված ձևաչափերով։

 -Արդյո՞ք բժիշկներից շատ մեծ ժամանակ չի պահանջվի տվյալները համակարգ մուտքագրելու համար։

 -Ընդհակառակը։ Թղթային ձևերը  լրացնելու վրա շատ ավելի մեծ ժամանակ է ծախսվում։ Համակարգը այնպես է նախագծված, որ բժիշկները շատ ժամանակ չկորցնեն: Շատ դեպքերում բժիշկը պարզապես ընտրում է առաջարկվող ցանկից։  Բացի այդ,  տվյալներն ավելի պարզ ու ավելի ճշգրիտ  են դառնում՝  սկսած ձեռագիրը կարդալուց մինչև  հետազոտությունների արդյունքները։

Այս բոլոր քայլերը կարևոր են  ընդհանրապես առողջապահության ոլորտի համար: Դա նշանակում է, որ ցանկացած ծավալի տեղեկություն արդեն հնարավոր է պահպանել էլեկտրոնային եղանակով, ունենալ հստակ ու ճշգրիտ վիճակագրություն բարդ իրավիճակներում անհրաժեշտ վերլուծություններ կատարելու համար:

Մի օրինակ բերեմ. եթե անձը շտապ տեղափոխվել է հիվանդանոց և կարիք ունի միջամտության, ու նրան բուժող բժշկին անհրաժեշտ է տեղեկություն՝ նախկինում նրա ունեցած հիվանդությունների,  բուժումների ու հակացուցումների մասին, ապա որքա՞ն ժամանակ է պահանջվելու, որպեսզի արխիվներից հանվի, գտնվի, վերլուծվի  նրան վերաբերող տեղեկությունը՝ օրեր, այդպես չէ՞։  Իսկ որքա՞ն կտևի, եթե դա արդեն առկա է  էլեկտրոնային համակարգում՝  ընդամենը րոպեներ։ Այսինքն, էլեկտրոնային տվյալների առկայությունը  կարող է կյանքեր փրկել, իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են առաջադեմ երկրները, ու նաև մենք։

Միանշանակ է, որ առանց էլեկտրոնային տվյալների պարզապես հնարավոր չէ մրցունակ և ժամանակակից առողջապահական համակարգ ունենալ։ Դա ժամանակի պահանջն է, և նպատակը  ոչ միայն առողջապահության համակարգի արդյունավետության բարձրացումն է, այլև քաղաքացիների կյանքի որակի բարելավումը։

Աննա Գզիրյան

powered by social2s