ԱՐՄԵԴ-ում գործարկվում է էլեկտրոնային ռեգիստրների համակարգը

Հայաստանում աստիճանաբար ներդրվում է էլեկտրոնային ռեգիստրների համակարգը: Դա մի շարք լուրջ հիվանդությունների՝ քաղցկեղի, կաթվածների, սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվության կուտակումն է մեկ վայրում, ինչը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին վերլուծել այդ տվյալները և հիվանդությունների կանխարգելման ու բուժման ճիշտ քաղաքականություն մշակել:

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում արդեն մեկ տարի է հաջողությամբ գործարկվում են ուռուցքաբանական հիվանդությունների, շաքարային դիաբետի, հոգեբուժական հիվանդությունների ռեգիստրները:

Ընդ որում, շարունակական աշխատանքներ են տարվում, որպեսզի տվյալներն առավելագույնս ամբողջական լինեն, քանի որ դա շատ կարևոր է նաև հենց պացիենտների համար:

«Հիմա աշխատանքներ ենք իրականացնում բուժհաստատություններին նոր գործիքներ տրամադրելու ուղղությամբ, որպեսզի կարողանան նույնականացնել այն պացիենտներին, որոնք շատ ավելի վաղ են ախտորոշվել և տվյալները դեռևս տեղ չեն գտել ռեգիստրներում: Դա կօգնի ամբողջացնել տեղեկատվությունը, քանի որ ռեգիստրների արժեքը հենց դրանց ամբողջականության ու ճշգրտության մեջ է»,- ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության Բժշկական գործընթացների կառավարման բաժնի ներկայացուցիչ Արամ Ղուլիջանյանը:

Ներկայումս իրականացվում են նաև օրգանների և հյուսվածքների դոնորների, կաթվածների, վիրուսային հեպատիտների և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ռեգիստրների ստեղծման աշխատանքները:

powered by social2s