Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային առողջապահության համակարգի օգտագործման և տվյալների գաղտնիության ընդհանուր կանոններ

Տարբերակ 1.05

Սույն փաստաթուղթը (այսուհետ՝ Ընդհանուր կանոններ) սահմանում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգից (այսուհետ՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգ կամ Համակարգ) օգտվելու, տեղեկատվական անվտանգության, անձնական տվյալների գաղտնիության և պատասխանատվության վերաբերյալ պայմաններ և կանոններ, որոնք տարածվում են Համակարգի բոլոր Օգտատերերի վրա։

Սահմանումներ

Էլեկտրոնային առողջապահության համակարգ կամ Համակարգ՝ ենթակառուցվածքների և տեղեկատվության ամբողջություն, որն ապահովում է յուրաքանչյուր մարդու վերաբերյալ առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը և օգտագործումը էլեկտրոնային միջավայրում։

Հավելված՝ Համակարգի բջջային հավելվածը

Բաժանորդ՝ Հայաստանի Հանրապետությունում առողջապահության բնագավառում լիցենզավորված անձ, առողջության ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերություն, ինչպես նաև առողջապահության բնագավառի տվյալների հասանելիության իրավունք ունեցող պետական մարմիններ և կազմակերպություններ։

Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն։

Օպերատոր՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ։

Օգտատեր՝ Համակարգից օգտվող Պացիենտ, բուժաշխատող կամ Բաժանորդի կամ Լիազոր մարմնի՝ իր գործառույթների (վարչական, վերահսկողական, մշտադիտարկման և այլ) կատարման նպատակով Համակարգն օգտագործող այլ աշխատակից, գործատուի ներկայացուցիչ։

Պացիենտ՝ Համակարգից ոչ մասնագիտական նպատակներով օգտվող ֆիզիկական անձ։

Ընդհանուր դրույթներ

  • Էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված տվյալները կարող են կիրառվել անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, իսկ ապանձնավորված տվյալները՝ ուսումնասիրությունների, վերլուծությունների, մշտադիտարկումների նպատակով։
  • Համակարգի ենթակառուցվածքի և դրանում պահվող տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։
  • Համակարգը կոնցեսիոն հիմունքներով կառավարում, սպասարկում և շարունակաբար բարելավում է Օպերատորը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված կոնցեսիայի պայմանագրով սահմանված իրավունքների և պարտավորությունների շրջանակներում:
  • Համակարգը գործում է հետևյալ սկզբունքների հիման վրա.
    1. Համակարգում ներառվող տեղեկատվությունը անձնավորված է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի,
    2. տվյալների բազան միասնական է Համակարգի բոլոր մասնակիցների համար,
    3. տեղեկատվությունը ցանկացած պահի հասանելի է Համակարգի բոլոր իրավասու Օգտատերերին՝ իրենց լիազորությունների շրջանակներում,
    4. տեղեկատվությունը գաղտնի է և պաշտպանված։
  • Համակարգում անձնական էջ ունի Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայությունների համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող յուրաքանչյուր անձ, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ և այդպիսին չստանալու վերաբերյալ տեղեկանք չունեցող յուրաքանչյուր անձ, ում տվյալները բժշկական հաստատության կողմից ներմուծվել են Համակարգ։ Օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց և մինչև 16 տարեկան անչափահասների անձնական էջերը կառավարում են նրանց օրինական ներկայացուցիչները։
  • Համակարգի ծրագրային ապահովման, բջջային հավելվածի և դրանց տարրերի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, Ericsson Nikola Tesla d.d., Sylex SA կամ Մեյսիս Ապահով ընկերություններին։
  • Որպես Օգտատեր՝ Ձեզ տրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Համակարգի ծրագրային ապահովումն օգտագործելու անհատույց, անժամկետ, հետկանչելի և ոչ բացառիկ իրավունք։
  • Պացիենտներից բացի, մյուս բոլոր Օգտատերերին Համակարգում հատկացվում են որոշակի իրավասությունների շրջանակ ունեցող դերեր (Բաժանորդի ադմինիստրատոր, բժիշկ, բուժքույր և այլն)։
  • Բոլոր Օգտատերերի համար Համակարգից օգտվելն անվճար է։
  • Դուք իրավունք չունեք Ձեզ տրված օգտագործման իրավունքը որևէ կերպով փոխանցել այլ անձի։
  • Դուք իրավունք չունեք ծրագրային ապահովումը կրկնօրինակել, վերամշակել, ձևափոխել, բազմացնել կամ օգտագործել որևէ չարտոնված եղանակով։

Տեղեկատվական անվտանգություն և պատասխանատվություն

  • Համակարգում առկա տվյալները պահվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տվյալների կենտրոնում՝ առաջատար արտադրողների սարքավորումների վրա, Համակարգի հետ կապը պաշտպանված և գաղտնագրված է, ինչը երաշխավորում է տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունը։
  • Համակարգը պաշտպանվում է չարտոնված մուտքերից և հարձակումներից՝ ոլորտում կիրառվող լավագույն գործիքներով։
  • Համակարգը պարբերաբար թարմացվում և վերազինվում է՝ հաշվի առնելով տեխնոլոգիական վերջին զարգացումները։
  • Համակարգ մուտքն Oգտատերերի համար կատարվում է՝ օգտագործելով խիստ նույնականացման մեխանիզմներ, այն է՝ գրանցումը կատարվում է նույնականացման քարտի կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (Mobile ID) միջոցով, բացառությամբ պացիենտների։ Պացենտների համար Համակարգ մուտքը նախատեսված է Հավելվածի միջոցով՝ գրանցման համար կիրառելով բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն (Mobile ID) կամ դեմքի նույնականացում։ Գրանցումից հետո հնարավոր է մուտք գործել Համակարգ նաև մուտքային անունով և գաղտնաբառով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ յուրաքանչյուր մուտքի ժամանակ կարող է պահանջվել նույնականացման կոդի մուտքագրում։
  • Համակարգին ամբողջական հասանելիություն ունենալու և դրանից լիարժեք օգտվելու համար Դուք պետք է բավարարեք հետևյալ պայմանները․
    1. Ունենաք կայուն ինտերնետ կապ,
    2. Օգտագործեք արդիական դիտարկիչ (browser),
    3. Համակարգիչը, որից մուտք եք գործում Համակարգ, պետք է լինի տեխնիկապես սարքին, վիրուսներից և այլ վնասարար ծրագրերից զերծ։ Այն պետք է ապահովված լինի օպերացիոն համակարգի վերջին անվտանգության թարմացումներով, հակավիրուսային համակարգով։
  • Եթե Դուք բուժաշխատող եք, ապա որպես այդպիսին Դուք կարող եք Համակարգին սահմանափակ հասանելիություն ունենալ և որոշ հնարավորություններից օգտվել նաև Հավելվածի միջոցով:
  • Դուք պարտավոր եք`
    1. Համակարգից օգտվել ՀՀ օրենսդրությանը, սույն Ընդհանուր կանոններին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին ու պայմաններին համապատասխան,
    2. իրականացնել Ձեր նույնականացման քարտի, PIN/PUK ծածկագրերի, բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (Mobile ID) համար օգտագործվող SIM քարտի և գաղտնաբառի, մուտքային անվան և գաղտնաբառի պատշաճ պաշտպանությունը և ինքնուրույն ձեռնարկել միջոցներ՝ կանխելու դրանց չարտոնված օգտագործումը որևէ երրորդ անձի կողմից,
    3. Համակարգ մուտք գործելու համար Ձեր կողմից օգտագործվող սարքը հասանելի չդարձնել երրորդ անձանց, եթե սարքի վրա բաց է Համակարգում Ձեր անձնական էջը կամ Հավելվածը:
  • Եթե Դուք բուժաշխատող եք կամ Բաժանորդի կամ Լիազոր մարմնի այլ աշխատակից, Դուք պարտավոր եք Համակարգում Ձեզ տրված իրավասություններն օգտագործել բացառապես Ձեր գործառույթները և աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով։
  • Դուք իրավունք չունեք՝
    1. Համակարգից օգտվել որևէ եղանակով, որը կարող է ազդել Համակարգի ապահով և անխափան աշխատանքի վրա,
    2. Համակարգից օգտվել որևէ անօրինական կամ չթույլատրված նպատակով,
    3. իրականացնել գործողություններ Համակարգին կամ դրա որևէ մասին չթույլատրված հասանելիություն ստանալու նպատակով, այդ թվում՝ օգտագործելով այլ անձի մուտքային տվյալները,
    4. որևէ կերպ վերացնել, վնասել կամ շրջանցել Համակարգում առկա տեղեկատվական անվտանգության պատնեշները,
    5. որևէ եղանակով, այդ թվում՝ ավտոմատացված գործիքների կիրառմամբ, Համակարգից հավաքել և արտահանել տվյալներ, բացառությամբ եթե տվյալների արտահանումն ուղղակիորեն արտոնված և նախատեսված է Համակարգում Ձեզ հատկացված իրավասությունների շրջանակում։
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Համակարգում կատարված յուրաքանչյուր գործողություն ավտոմատ կերպով գրանցվում և պահպանվում է։
  • Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր նույնականացման քարտի, ծածկագրերի, բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (Mobile ID) համար օգտագործվող SIM քարտի, մուտքային անվան կամ գաղտնաբառի օգտագործմամբ կատարված բոլոր գործողությունների համար։
  • Լիազոր մարմինը և Օպերատորը պատասխանատվություն չեն կրում որևէ վնասի համար, որն առաջացել է Լիազոր մարմնի և Օպերատորի վերահսկողությունից դուրս գտնվող պատճառով։
  • ՀՀ օրենսդրության կամ սույն Ընդհանուր կանոնների խախտմամբ Համակարգից օգտվելու հետևանքով Հայաստանի Հանրապետությանը, Օպերատորին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար Դուք պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Օպերատորը գործադրում է իր բոլոր ջանքերը՝ ապահովելու համար Համակարգի մշտական հասանելիությունը։
  • Օպերատորը պարբերաբար կատարում է Համակարգի թարմացումներ և վերազինումներ։ Անհրաժեշտության դեպքում, Ձեզնից կարող է պահանջվել կատարել որոշ գործողություններ՝ կապված թարմացման կամ վերազինման հետ։
  • Պլանավորված թարմացման կամ վերազինման աշխատանքների ժամանակ Համակարգը կարող է անհասանելի լինել, որի վերաբերյալ Դուք կտեղեկացվեք www.armed.am կայքի միջոցով։
  • Համակարգի խափանումների համար Օպերատորը պատասխանատվություն է կրում անմիջապես Լիազոր մարմնի առջև:
  • Օպերատորը պատասխանատվություն չի կրում Համակարգի խափանումների համար, եթե դրանք հետևանք են իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների, այդ թվում, առանց սահմանափակման, ֆորս-մաժորային իրավիճակների։
  • Օպերատորը պատասխանատվություն չի կրում Համակարգի միջոցով ստացված անձնական տվյալների կամ այլ տեղեկատվության՝ անօրինական բացահայտման կամ օգտագործման, որևէ անձի կողմից Համակարգ անօրինական մուտքի կամ դրա չարտոնված կամ սխալ օգտագործման հետևանքով Ձեր կամ երրորդ անձանց կրած որևէ վնասի համար, սակայն պարտավորվում է գործադրել ոլորտում կիրառվող լավագույն գործիքները՝ անօրինական մուտքի և տվյալներին այլ անօրինական միջամտության հնարավորությունները բացառելու համար:
  • Դուք պարտավոր եք Օպերատորին անմիջապես տեղեկացնել, եթե Ձեզ հայտնի են դառնում սույն Ընդհանուր կանոնների խախտման, Համակարգի կամ դրանում պահվող անձնական տվյալների անվտանգության համար սպառնալիք կամ հնարավոր սպառնալիք հանդիսացող հանգամանքներ կամ իրավիճակներ։

Անձնական տվյալների գաղտնիության քաղաքականություն

  • Համակարգի միջոցով անձնական տվյալների մշակման կարգը, Համակարգում պահվող պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական տվյալները դիտելու կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ։
  • Համակարգի միջոցով անձնական տվյալների մշակողներ հանդիսանում են Բաժանորդները և Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Օպերատորն անձնական տվյալներ մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրանքով՝ որպես լիազորված անձ։
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները պահպանելով` Բաժանորդը ապահովում է Համակարգում տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և օրենքով սահմանված բժշկական տվյալների մուտքագրումը` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ընթացակարգի:
  • Համակարգում պահվող՝ պացիենտների անձնական տվյալները և բժշկական գաղտնիքը պաշտպանված են օրենքով։
  • Համակարգում մուտքագրված անձնական տվյալները և բժշկական գաղտնիքը պահվում են անժամկետ, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ։
  • Համակարգում կամ Հավելվածում գրանցվելու համար Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար կամ այլ տվյալներ, ինչպես նաև ընտրել գաղտնաբառ կամ ծածկագիր։ Գրանցման ժամանակ Ձեր տրամադրած բոլոր տվյալները և Ձեր գաղտնագրված գաղտնաբառը և ծածկագիրը պահվում են և օգտագործվում հետագա մուտքերի ժամանակ Ձեզ նույնականացնելու համար։ Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարն օգտագործվում են Ձեր գրանցումը վավերացնելու նպատակով, ինչպես նաև հետագայում վավերացում պահանջող այլ գործողությունների ժամանակ։ Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը կարող են օգտագործվել նաև Ձեզ ծանուցումներ ուղարկելու համար։ Ձեր անձնական էջից կամ Հավելվածից Դուք կարող եք ցանկացած ժամանակ փոխել Ձեր հեռախոսահամարը։
  • Դուք եք պատասխանատու Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեի և հեռախոսահամարի վավերության և հասանելիության համար։ Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեի և հեռախոսահամարի անվավերության, անհասանելիության կամ դրանցով ուղարկված տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի դառնալու պատճառով Ձեր կրած որևէ վնասի համար։
  • Ձեզ Համակարգում և Հավելվածում գրանցելու և դրանց միջոցով սպասարկելու նպատակով Համակարգը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին պատկանող որոշ տվյալների բազաների և դրանցից ստանում է Ձեզ նույնականացնելու և այլ գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տվյալներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Ձեզ Համակարգում և Հավելվածում գրանցելու ժամանակ ստացված հետևյալ տվյալները պահվում և հետագայում օգտագործվում են Ձեզ նույնականացնելու համար՝ անուն, ազգանուն, ծննդյան տարի, ամիս, օր, հանրային ծառայությունների համարանիշ։
  • Յուրաքանչյուր Օգտատեր կարող է դիտել Համակարգում պահվող իր բժշկական տվյալները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված կամ մինչև 16 տարեկան անչափահաս այն անձանց անձնական տվյալները, որոնց օրինական ներկայացուցիչն է հանդիսանում և որոնց հետ նրա փոխկապակցվածության մասին Համակարգում առկա է համապատասխան տեղեկատվություն:
  • Համակարգում պահվող Ձեր անձնական տվյալները Ձեզնից բացի տեսանելի են միայն համապատասխան բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավված բուժաշխատողներին և դրանց ֆինանսավորումն ապահովող պետական մարմնին, կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով։
  • Ձեր առողջության պատմության տվյալները կարող են դիտել միայն բժիշկները Ձեր համաձայնությամբ կամ շտապ դեպքերի շրջանակում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով։
  • Եթե Դուք բուժաշխատող եք, ապա Դուք պարտավոր եք գաղտնի պահել Ձեր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում Ձեզ հայտնի դարձած՝ պացիենտների անձնական տվյալները և բժշկական գաղտնիքը և դրանք օգտագործել բացառապես Ձեր աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով անհրաժեշտ ծավալով և եղանակով։ Սույն կետի խախման կամ դրա հիմնավոր կասկածի դեպքում Օպերատորն իրավունք ունի անմիջապես կասեցնել Ձեր իրավասությունները Համակարգում և տեղեկացնել իրավասու մարմիններին։
  • Լիազոր մարմնին և Օպերատորին պացիենտների՝ Համակարգում պահվող անձնական տվյալները և բժշկական գաղտնիքը հասանելի չեն:
  • Լիազոր մարմինը Համակարգի միջոցով կարող է ստանալ ապանձնավորված հաշվետվություններ և վիճակագրություն՝ առանց Համակարգում առկա անձնական տվյալները մշակելու իրավունքի:

Օգտատերերի սպասարկում

  • Օպերատորն ունի սպասարկման կենտրոն, որը սպասարկում է հետևյալ հասցեներին գրավոր և էլեկտրոնային փոստով ներկայացվող դիմումներն ու բողոքները, ինչպես նաև զանգերի կենտրոնին կատարված զանգերը․
    ՀՀ, Երևան, Ն․ Ադոնցի 4, 333, +374 11 20 20 33, contact@armed.am
  • Գրավոր և էլեկտրոնային փոստով ուղարկված դիմումներն ու բողոքները սպասարկվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Սպասարկման կենտրոնը սպասարկում է բուժաշխատողներին և այն Պացիենտներին, որոնք ունեն Համակարգի կամ Հավելվածի հետ կապված տեխնիկական բնույթի հարցեր կամ խնդիրներ։
  • Ձեր անձնական էջում կատարված գրառումների կամ տվյալների հետ կապված հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել Ձեզ բժշկական օգնության և սպասարկման ծառայություն մատուցած կազմակերպությանը։

Ուժի մեջ մտնելու ժամկետ և փոփոխություններ

  • Սույն Ընդհանուր կանոնները Ձեր նկատմամբ ուժի մեջ են մտնում Ձեր համաձայնությունը տալու պահից:
  • Սույն Ընդհանուր կանոններում ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ www.armed.am կայքում նոր տարբերակ հրապարակելու միջոցով։ Նոր տարբերակը Ձեր նկատմամբ ուժի մեջ կմտնի փոփոխությունների մասին Ձեզ ծանուցելու պահից:

Եզրափակիչ դրույթներ

  • Սույն Ընդհանուր կանոններով չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
  • Սույն Ընդհանուր կանոնները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրության համաձայն, իսկ դրանց կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման բացառապես ՀՀ դատարաններում:
  • Սույն Ընդհանուր կանոնները կարող են հայերենից բացի հրապարակվել նաև այլ լեզուներով։ Տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերենը՝ անկախ նրանից, թե Դուք որ լեզվով եք ծանոթացել տեքստին և տվել Ձեր համաձայնությունը։

Armed eHealth բջջային հավելվածի օգտագործման կանոններ եվ գաղտնիության քաղաքականություն

Տարբերակ 1.09

Սույն փաստաթուղթը սահմանում է ARMED eHealth բջջային հավելվածի (այսուհետ՝ Հավելված) օգտագործման կանոնները և տվյալների գաղտնիության քաղաքականությունը։
Սույն փաստաթղթով սահմանվում են նաև Հավելվածի միջոցով Ձեզ տրամադրվող ծառայությունների մատուցման Ընդհանուր պայմանները։

Հավելվածը փոխկապակցված է և Ձեզ տալիս է հասանելիություն Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին (այսուհետ՝ Էլեկտրոնային առողջապահության համակարգ)։ Ուստի՝ Հավելվածից օգտվելու համար Դուք պետք է նաև ծանոթանաք և ընդունեք Էլեկտրոնային առողջապահության համակարգի օգտագործման և տվյալների գաղտնիության Ընդհանուր կանոնները։

Հավելված մուտք գործելու համար գործողություններ կատարելով և սույն փաստաթղթին համաձայնություն տալով՝ Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք նաև Էլեկտրոնային առողջապահության համակարգի օգտագործման և տվյալների գաղտնիության Ընդհանուր կանոններին և ընդունում եք դրանց բոլոր դրույթները:

Ծառայություններ, մտավոր սեփականություն և օգտագործման լիզենզիա

  • Հավելվածը Ձեզ տալիս է հասանելիություն Էլեկտրոնային առողջապահության համակարգում Ձեր էջին, թույլ է տալիս դիտել Ձեր այցերը և առողջության պատմության տվյալները Էլեկտրոնային առողջապահության համակարգում, բժշկի հարցման հիման վրա տալ առողջության պատմությունը դիտելու համաձայնություն, կառավարել Ձեր էջի և առողջության պատմության կարգավորումները, գրանցել ու չեղարկել այցեր, ընտրել ընտանեկան բժիշկ, ստանալ հեռաբժշկական ծառայություններ և օգտվել հասանելի այլ ծառայություններից և գործիքներից, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել։ Եթե Դուք բուժաշխատող եք, ապա Հավելվածում Ձեզ հասանելի են նաև Ձեր մասնագիտական գործառույթները կատարելու համար նախատեսված գործիքներ։
  • Հավելվածի միջոցով հասանելի հեռաբժշկական և որոշ այլ ծառայություններից օգտվելու համար Ձեզնից կարող է պահանջվել համաձայնություն տալ տվյալ ծառայության մատուցման հատուկ կանոններին, որոնք համարվում են սույն փաստաթղթի լրացուցիչ մաս։ Այդ ծառայություններից օգտվելու համար գործողություններ կատարելով՝ Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք ներկայացված կանոններին և ընդունում եք դրանք:
  • Հավելվածում Ձեզ հասանելի կլինեն նաև այն անձանց էջերը, որոնց օրինական ներկայացուցիչն եք հանդիսանում և որոնց հետ Ձեր փոխկապակցվածության մասին Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա է համապատասխան տեղեկատվություն։
  • Հավելվածի և դրա տարրերի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր իրավունքները պատկանում են SYLEX SA ընկերությանը և/կամ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Օպերատոր) կամ վերջիններս ունեն դրանց օգտագործման անհրաժեշտ լիցենզիաները։
  • Ձեզ տրվում է Հավելվածի օգտագործման անհատույց, անժամկետ, հետկանչելի և ոչ բացառիկ իրավունք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
  • Հավելվածը Ձեզ չի վաճառվում, և դրա նկատմամբ Ձեզ մտավոր սեփականության որևէ իրավունք չի փոխանցվում։
  • Դուք իրավունք չունեք Հավելվածը կրկնօրինակել, բազմացնել, վերամշակել, ձևափոխել, մշակել ածանցյալ ծրագրեր կամ հավելվածներ կամ Հավելվածն օգտագործել որևէ այլ՝ չարտոնված եղանակով։

Տեղեկատվական անվտանգություն

  • Հավելվածը բեռնելու և դրանից օգտվելու համար Ձեր սարքը պետք է բավարարի առնվազն հետևյալ պայմաններին․
    • ունենա կայուն ինտերնետ կապ
    • լինի տեխնիկապես սարքին, վիրուսներից, այլ վնասարար և/կամ անհամատեղելի ծրագրերից զերծ։
  • Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր սարքի օգտագործմամբ կատարված բոլոր գործողությունների համար: Ձեր սարքի վրա տեղադրված Հավելվածի միջոցով կատարված ցանկացած գործողություն կհամարվի Ձեր կողմից կատարված։
  • Դուք պարտավոր եք`
    • Հավելվածից օգտվել ՀՀ օրենսդրությանը, սույն փաստաթղթին և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններին ու պայմաններին համապատասխան` առանց խախտելու երրորդ անձանց իրավունքներն ու շահերը,
    • Հավելվածն օգտագործել բացառապես այն նպատակով, որի համար Ձեզ տրվել է Հավելվածի օգտագործման իրավունք,
    • Հավելվածում մուտք գործելուց հետո հեռախոսը կամ այլ սարքը, որի վրա տեղադրված է Հավելվածը, հասանելի չդարձնել երրորդ անձանց:
  • Արգելվում է՝
    • Հավելվածից օգտվել որևէ եղանակով, որը կարող է ազդել Էլեկտրոնային առողջապահության համակարգի և/կամ Հավելվածի ապահով և անխափան աշխատանքի վրա,
    • Հավելվածից օգտվել որևէ անօրինական կամ չթույլատրված նպատակով,
    • իրականացնել գործողություններ Էլեկտրոնային առողջապահության համակարգին և/կամ Հավելվածին կամ դրանց որևէ մասին չթույլատրված հասանելիություն ստանալու նպատակով,
    • որևէ եղանակով վերացնել, վնասել կամ շրջանցել Հավելվածում առկա տեղեկատվական անվտանգության պատնեշները։
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հավելվածի միջոցով կատարված յուրաքանչյուր գործողություն ավտոմատ կերպով գրանցվում և պահպանվում է։
  • Հավելվածի բարելավման նպատակով ժամանակ առ ժամանակ կարող են կատարվել Հավելվածի թարմացումներ՝ թողարկելով նոր տարբերակներ։

Պատասխանատվություն

  • Օպերատորը չի երաշխավորում, որ Հավելվածը և դրանով հասանելի ծառայությունները և գործիքները կաշխատեն առանց թերությունների կամ այլ խնդիրների, սակայն պարտավորվում է գործադրել ողջամիտ ջանքեր այդպիսի թերություններն ու խնդիրները բացառելու համար։
  • ՀՀ օրենսդրության, Էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվելու կանոնների կամ սույն փաստաթղթի խախտմամբ Հավելվածից օգտվելու հետևանքով Օպերատորին կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար Դուք պատասխանատվություն եք կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Օպերատորը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց անօրինական գործողությունների, նրանց կողմից Հավելված անօրինական մուտքի, դրա չարտոնված կամ սխալ օգտագործման հետևանքով Ձեր կրած որևէ վնասի համար, սակայն պարտավորվում է գործադրել ոլորտում կիրառվող լավագույն գործիքները՝ անօրինական մուտքի և տվյալներին այլ անօրինական միջամտության հնարավորությունները բացառելու համար:
  • Օպերատորը պատասխանատվություն չի կրում Հավելվածի և դրանով հասանելի ծառայությունների և գործիքների խափանումների համար, եթե դրանք հետևանք են իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների։

Անձնական տվյալների գաղտնիության քաղաքականություն

  • Էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով անձնական տվյալների մշակման կարգը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ և համակարգի օգտագործման կանոններով։
  • Հավելվածում հնարավոր է գրանցվել բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (Mobile ID) միջոցով կամ անցնելով դեմքի նույնականացում։ Դեմքի նույնականացմամբ Հավելվածում գրանցվելու համար Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել Ձեր անունը, ազգանունը, ծննդյան տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հեռախոսահամարը, որոնք օգտագործվում են Ձեզ նույնականացնելու և Էլեկտրոնային առողջապահության համակարգում Ձեր անձնական էջի հետ կապ հաստատելու համար։
  • Գրանցման ժամանակ Ձեր տրամադրած կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրության (Mobile ID) միջոցով գրանցման ժամանակ այլ տեղեկատվական բազաներից ինքնաշխատ ստացված տվյալներն ինքնաշխատ կերպով պահվում են Էլեկտրոնային առողջապահության համակարգում և օգտագործվում են Ձեզ նույնականացնելու նպատակով, ինչպես նաև կարող են օգտագործվել լիազոր մարմինների կամ Ձեր պահանջով՝ նույնականացման գործընթացի ստուգման նպատակով։
  • Ձեր տրամադրած հեռախոսահամարն օգտագործվում է Ձեր գրանցումը վավերացնելու նպատակով, ինչպես նաև կարող է օգտագործվել հետագայում՝ վավերացում պահանջող այլ գործողությունների ժամանակ։ Ձեր տրամադրած հեռախոսահամարը կարող է օգտագործվել նաև Ձեզ ծանուցումներ ուղարկելու համար։
  • Տրամադրելով հեռախոսահամար՝ Դուք երաշխավորում եք, որ այն պատկանում է Ձեզ, և պատասխանատվություն եք կրում դրա վավերության և հասանելիության համար։
  • Օպերատորը պատասխանատվություն չի կրում Ձեր տրամադրած հեռախոսահամարի անվավերության, անհասանելիության կամ դրա միջոցով ուղարկված տեղեկատվությունը երրորդ անձանց հասանելի դառնալու պատճառով Ձեր կրած որևէ վնասի համար։
  • Դեմքի նույնականացումն իրականացվում է Հավելվածի միջոցով նկարելով Ձեր դեմքը։
  • Դեմքի նույնականացումն իրականացվում է ավտոմատացված եղանակով կամ Օպերատորի աշխատակիցների կողմից, որոնք Ձեր դեմքի նկարները համեմատում են Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Բնակչության պետական ռեգիստրի տվյալների բազայից ստացված Ձեր լուսանկարի հետ։ Նույնականացում անցնելու համար նկարելով Ձեր դեմքը՝ Դուք Օպերատորին տալիս եք համաձայնություն՝ այդ նպատակով դիտելու Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա Ձեր լուսանկարը։
  • Դեմքի նույնականացման ժամանակ Հավելվածին անհրաժեշտ է թույլատրել օգտագործել Ձեր սարքի տեսախցիկը։ Հավելվածը տեսախցիկն օգտագործում է բացառապես նույնականացման ժամանակ Ձեր դեմքը նկարելու նպատակով և տեսախցիկի միջոցով հասանելիություն չի ստանում Ձեր սարքում առկա անձնական կամ այլ տվյալներին, դրանք չի հավաքում, չի պահպանում, չի փոխանցում և որևէ կերպ չի օգտագործում։
  • Բժշկական հաստատության տարածք Ձեր ժամանումը հաստատելու և բժշկին տեղեկացնելու համար Հավելվածին անհրաժեշտ է թույլատրել օգտագործել Ձեր սարքի գտնվելու վայրի մասին տեղեկությունը։ Հավելվածն օգտագործում է Ձեր սարքի գտնվելու վայրի մասին տեղեկությունը միայն Ձեր ժամանումը հաստատելիս և հասանելիություն չի ստանում Ձեր սարքում առկա անձնական կամ այլ տվյալներին, դրանք չի հավաքում, չի պահպանում, չի փոխանցում և որևէ կերպ չի օգտագործում։
  • Հավելվածն օգտագործելիս հնարավոր է ընտրել և փոխել Հավելվածի լեզուն։ Ընտրված լեզվի վերաբերյալ տվյալները պահվում են այնքան ժամանակ, քանի դեռ Դուք շարունակում եք Հավելվածն օգտագործել։
  • Առցանց խորհրդատվության ծառայությունից օգտվելու համար Հավելվածին անհրաժեշտ է թույլատրել օգտագործել Ձեր սարքի տեսախցիկը և ձայնը (աուդիո)։ Հավելվածը տեսախցիկը և ձայնը (աուդիո) օգտագործում է բացառապես առցանց խորհրդատվության ծառայության շրջանակում տասազանգը կազմակերպելու նպատակով։ Հավելվածը տեսախցիկի միջոցով կամ այլ կերպ հասանելիություն չի ստանում Ձեր սարքում առկա անձնական կամ այլ տվյալներին, դրանք չի հավաքում, չի պահպանում, չի փոխանցում և որևէ կերպ չի օգտագործում։

Վճարային քարտերով վճարումների կանոններ

  • Հավելվածի միջոցով հնարավոր է վճարել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց։ Վճարումները սպասարկում է Հավելվածի գործընկեր բանկը (այսուհետ՝ Սպասարկող Բանկ)։
  • Հավելվածի միջոցով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց վճարելու համար անհրաժեշտ է Ձեր անձնական էջում մուտքագրել Visa, MasterCard/Maestro կամ ԱրՔա վճարային քարտի տվյալներ՝ լրացնելով անհրաժեշտ դաշտերը։
  • Վճարում կատարելու համար հնարավոր է նաև Հավելվածում` Ձեր անձնական էջում կցել Visa, MasterCard/Maestro կամ ԱրՔա վճարային քարտ՝ լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Այս դեպքում հետագա վճարումները կարելի է կատարել կցված քարտով՝ առանց յուրաքանչյուր անգամ լրացնելու քարտային տվյալներ։
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հավելվածին քարտ կցելու դեպքում քարտի տվյալները վավերացնելու նպատակով քարտից կգանձվի 10 ՀՀ դրամ, որն անմիջապես կվերադարձվի։
  • Դուք ցանկացած ժամանակ կարող եք ջնջել Հավելվածին կցված քարտի տվյալները և կցել այլ քարտ։
  • Հավելվածում Ձեր մուտքագրած քարտի տվյալները պահպանվում են միայն Սպասարկող Բանկի պրոցեսինգային կենտրոնում, և տվյալների պահպանումը համապատասխանում է PCI DSS հավաստագրի պահանջներին:
  • Հավելվածում լրացված կամ ինքնաշխատ կերպով ստացված, վճարման համար անհրաժեշտ տվյալները փոխանցվում են Սպասարկող Բանկին՝ վերջինիս կողմից վճարումը հաջողելու համար։
  • Սպասարկող Բանկին չեն փոխանցվում բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
  • Հավելվածի միջոցով կատարված վճարային գործողությունների, քարտային գործարքների պարզաբանման հարցերով Դուք/վճարողը պետք է դիմեք քարտը թողարկող Բանկին։
  • Դուք պարտավոր եք գաղտնի պահել Հավելված մուտք գործելու համար օգտագործվող Ձեր Mobile ID ծածկագիրը, մուտքային անունն ու գաղտնաբառը, առցանց վճարումներ կատարելու նպատակով օգտագործվող վճարային միջոցների/քարտերի տվյալները և ոչ մի դեպքում նշված տեղեկատվությունը չհայտնել որևէ երրորդ անձի։
  • Ձեզ մատուցված ծառայությունների համար կատարված վճարումների մասին տվյալները պահպանվում են Էլեկտրոնային առողջապահության համակարգում, և հասանելի են Ձեզ և տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը մատուցած անձին։
  • Հավելվածի միջոցով վճարում կատարելու դեպքում Դուք պարտավոր եք ճիշտ, ամբողջական ու պատշաճ կերպով լրացնել պահանջվող տվյալները, և կրում եք պատասխանատվություն սխալ կամ կեղծ տվյալներ լրացնելու, ինչպես նաև առանց քարտապանի համաձայնության նրա քարտի տվյալները լրացնելու, դրանով կատարված վճարումների և դրա հետևանքով պատճառված վնասների համար։
  • Հավելվածի միջոցով վճարումներ կատարելիս Ձեզնից միջնորդավճար չի գանձվում։
  • Օպերատորը և Սպասարկող Բանկը պատասխանատվություն չեն կրում քարտը թողարկող բանկի կողմից սահմանված քարտի օգտագործման կանոնների ու պայմանների խախտմամբ կատարված վճարումների և դրանց հետևանքով պատճառված վնասների համար:
  • Հավելվածի միջոցով վճարում կատարելու համար գործողություններ կատարելով՝ Դուք համաձայնում եք, որ Սպասարկող Բանկը (անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելով կամ առանց դրանց), «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և սահմաններում մշակի, օգտագործի վճարումն իրականացնելու կապակցությամբ Հավելվածի միջոցով Ձեր հայտնած անձնական տվյալները։ Սպասարկող Բանկին համապատասխան պահանջ ներկայացնելու դեպքում բանկը կուղղի, կոչնչացնի իր մոտ պահվող Ձեր անձնական տվյալները, կդադարեցնի դրանց մշակումը, կվերացնի նշված համաձայնությունը կամ տվյալների մշակման հետ կապված այլ գործողություն կկատարի, եթե ՀՀ օրենսդրությամբ և/կամ Սպասարկող Բանկի ներքին իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

Ուժի մեջ մտնելու ժամկետ և փոփոխություններ

  • Սույն փաստաթուղթը Ձեր նկատմամբ ուժի մեջ է մտնում, երբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, և գործում է (ներառյալ դրա հետագա փոփոխությունները և լրացումները) այնքան ժամանակ, քանի դեռ Դուք օգտագործում եք Հավելվածը։
  • Սույն փաստաթղթում ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ դրանք հրապարակելով փաստաթղթի նոր, թարմացված խմբագրության (տարբերակի) տեսքով։
  • Նոր տարբերակը Ձեր նկատմամբ ուժի մեջ է մտնում, երբ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը:

Եզրափակիչ դրույթներ

  • Սույն փաստաթղթով չկարգավորված հարցերը կարգավորվում են Էլեկտրոնային առողջապահության համակարգի օգտագործման և տվյալների գաղտնիության ընդհանուր կանոններով և ՀՀ օրենսդրությամբ:
  • Սույն փաստաթուղթը կարգավորվում և մեկնաբանվում է ՀՀ օրենսդրության համաձայն։
  • Սույն փաստաթղթի և Հավելվածի օգտագործման կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման բացառապես ՀՀ իրավասու դատարաններում:
  • Սույն փաստաթուղթը կարող է հայերենից բացի հրապարակվել նաև այլ լեզուներով։ Տեքստերի միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերենը՝ անկախ նրանից, թե Դուք որ լեզվով եք ծանոթացել տեքստին և տվել Ձեր համաձայնությունը։

Սպասարկում

  • Հավելվածի վերաբերյալ հարցերով, առաջարկներով և բողոքներով կարող եք դիմել Օպերատորին՝ նամակ ուղարկելով ՀՀ, Երևան, Ն․ Ադոնցի 4, 333 հասցեով կամ contact@armed.am էլ․ փոստի հասցեով, կամ զանգահարելով +374 11 202033 հեռախոսահամարին։