Նկարագրություն
«Արմեդ» բջջային հավելված
Շուտով «Արմեդ» համակարգը հասանելի կլինի ՀՀ քաղաքացիներին նաև բջջային հավելվածի միջոցով: Մեր թիմը աշխատում է այն առավել հարմարավետ ու օգտակար դարձնել յուրաքանչյուր օգտատիրոջ համար:
ԱՐՄԵԴԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՆԹԱԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
ՀՀ-ում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգը հանդես է գալիս որպես տվյալների փոխանցման համապարփակ և համաժամանակյա հարթակ երեք հիմանական տիպի տվյալների համար. կլինիկական, ադմինիստրատիվ և ֆինանսական:
Համակարգը ինտերֆեյսներ է տրամադրում պացիենտներին, առողջապահական ծառայությունների մատակարարներին, Կառավարությանը և ապահովագրական կազմակերպություններին:
Արմեդը կկրճատի բուժհաստատությունների ծախսերը, ինչպես նաև հնարավորություն կտա նվազեցնել կլինիկական ռիսկերը: Համակարգի միջոցով հնարավոր կլինի էլեկտորնային տեսքով դիտել յուրաքանչյուր պացիենտի անցյալ բժշկական պատմությունն ու բուժման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և կայացնել տեղեկացված ու հիմնավորված որոշումներ նրա բուժման վերաբերյալ: Համակարգը կնպաստի նաև կանխարգելիչ և վաղ փուլի ախտորոշումներին, ինչը հնարավորություն կտա պայքարել համաճարակների դեմ: Արմեդ միասնական տեղեկատվական համակարգն ի վերջո հնարավորություն կտա լուծելու սահմանամերձ համայնքներում բարձրորակ բուժծառայությունների պակասի խնդիրը: ՀՀ միասնական էլեկտրոնային առողջապահական տեղեկատվական համակարգը ներառում է հետևյալ կարևոր բաղադրիչները՝ Բիզնես ռեգիստր, որը ներառում է առողջապահական ծառայություններ մատուցողների շտեմարան, մատուցվող ծառայությունների շտեմարան և գնացուցակի գրանցամատյան, բժշկական ծառայություններ մատուցողին կցագրված բնակչության գրանցամատյան և բժշկական սարքավորումների, տեխնիկական միջոցների ու բժշկական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ այլ էական նյութական ռեսուրսների գրանցամատյան։
Պացիենտների հոսքի կառավարման մոդուլ, որը ներառում է հետևյալ ենթամոդուլները.
- Բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով պացիենտների գրանցման, հերթագրման և ուղղորդման ենթամոդուլ,
- Պացիենտների այցերի և դեպքերի գրանցման ենթամոդուլ,
- Ավագ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի աշխատանքի և զբաղվածության ժամանակացույց,
- Բժշկական սարքավորումների, տեխնիկական միջոցների և բժշկական ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ այլ նյութական ռեսուրսների հասանելիության և զբաղվածության ժամանակացույց:
Պացիենտի էլեկտրոնային բժշկական քարտ, որը ներառում է հետևյալ տվյալները.
- Պացիենտի առողջական վիճակի, նախկինում ունեցած և ներկայումս առկա հիվանդությունների գրանցման և վարման համակարգ,
- Պացիենտների ստացած պատվաստումների, ալերգիաների և պացիենտների պատշաճ բուժման համար անհրաժեշտ այլ էական տվյալների գրանցման և վարման համակարգ,
- Պացիենտների հետազոտությունների, ախտորոշումների, նշանակումների և դեղատոմսերի գրանցման և վարման համակարգ,
- Պացիենտներին մատուցված ծառայությունների ֆինանսավորման հաշվետվությունների ենթահամակարգ, այդ թվում՝ պետական պատվերի, կամավոր առողջության ապահովագրության, համավճարի և ֆինանսավորման այլ տարբերակների շրջանակներում իրականացված բուժման համար,
- Պացիենտների պատշաճ և արդյունավետ բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ էական տվյալների մուտքագրման և վարման համակարգեր:
Բաժանորդների հեռախոսային սպասարկման կենտրոն
Օպերատորն էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդներին և բաժանորդների արտոնված օգտագործողներին ու շահառուներին սպասարկում է՝ համաձայն բաժանորդների և բաժանորդների օգտագործողների սպասարկման՝ իր կողմից ընդունված ընթացակարգի:
Օպերատորի սպասարկման կենտրոնն ունի բաժանորդների օգտագործողների արդյունավետ և արագ սպասարկման համար անհրաժեշտ քանակով որակավորված մասնագետներ:
Սպասարկման կենտրոնը նաև արձագանքում և մասնագիտորեն սպասարկում է իր անձնական էջը մուտք գործող այն քաղաքացիների դիմումները, որոնք դժվարություն ունեն անձնական էջ մուտք գործելու և անձնական էջի կարգավորումների հետ կապված։ Ցանկացած պարագայում բացի վերը նշված սահմանափակ՝ անձնական էջ մուտք գործելու աջակցման գործառույթից, քաղաքացիների անձնական էջում կատարված գրառումների կամ տվյալների վերաբերյալ Օպերատորն իրավունք չունի աջակցություն ցուցաբերել կամ խորհուրդներ տալ և փոխարենը քաղաքացիներին առաջարկում է գրառումների կամ տվյալների մեկնաբանման համար դիմել համապատասխան բժշկական հաստատությանը։
Համակարգի օգտագործողների ուսուցում
Արմեդ համակարգից օգտվող բուժհաստատությունների օգտագործողներն անցնում են համակարգի օգտագործման ուսուցում այդ թվում՝
- առնվազն մեկական դասընթաց և վերապատրաստում յուրաքանչյուր բուժհաստատության առնվազն մեկ ներկայացուցչի համար այնպես, որ դասընթացի կամ վերապատրաստման արդյունքում վերջիններս գիտելիքի փոխանակման սկզբունքով բուժհաստատությունների օգտագործողների համար իրենք կազմակերպեն դասընթացներ և վերապատրաստումներ (TOT),
- բուժհաստատությունների օգտագործողների համար դասընթացներ էլեկտրոնային եղանակով (տեսագրությունների, էլեկտրոնային ձեռնարկների, առցանց սեմինարների և լավագույն պրակտիկաների վրա հիմնված մեթոդներով):
+37411-20-20-33

