Անվտանգություն

էլեկտրոնային առողջապահության համակարգը ձեռք բերելիս համապատասխան պետական մարմինների և ներգրավված մասնագետների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի մասնագետների կողմից գնահատվել են համակարգի անվտանգությունը և հնարավոր ռիսկերը: Համակարգում անձնական տվյալները պահպանվում են առաջատար արտադրողների սարքավորումների վրա, համակարգի հետ կապը պաշտպանված և գաղտնագրված է, ինչը երաշխավորում է տվյալների պաշտպանությունն ու անվտանգությունը:

Էլեկտրոնային առողջապահական համակարգ մուտքն օգտատերերի համար կատարվում է՝ օգտագործելով միմիայն խիստ նույնականացման մեխանիզմներ։ Անհատի խիստ նույնականացումը կատարվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի (ID) միջոցով՝ ՀՀ միակ հավատարմագրված հավաստագրման կենտրոնի՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կողմից հանրային բանալիների ենթակառուցվածքի (PKI) ծրագրային և ապարատային գործիքների կիրառմամբ՝ տվյալ անձի համար նախկինում անհատապես թողարկված հավաստագիրը տվյալ անձի ինքնության հետ հստակ նույնականացնելու ավտոմատացված գործընթացով:

Համակարգը պաշտպանված է չարտոնված մուտքերից և հարձակումներից՝ ոլորտում կիրառվող լավագույն գործիքներով։ Էլեկտրոնային առողջապահական համակարգի ծրագրային ապահովումները մշակված են միջազգային տեխնոլոգիական առաջատար «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության կողմից։ Դրանք պարբերաբար թարմացվում են՝ հաշվի առնելով տեխնոլոգիական վերջին զարգացումները։

Ծրագրակազմի սպասարկումը, համակարգի ծրագրային ապահովման անխափան շահագործումը, ծրագրային գործիքակազմի շարունակական բարելավումը, ծրագրային թարմացումների ձեռքբերումն իրականացվում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ կողմից։