«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և ԱՐՄԵԴ համակարգը սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով

«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և վերջինիս կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը հեղինկավոր  TÜV NORD CERT  ընկերության կողմից սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001  ստանդարտով՝ դառնալով  նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում:

TÜV NORD CERT ընկերությունն իր կողմից իրականացված աուդիտի, գնահատումների հիման վրա հաստատել է, որ «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի կառավարումն իրականացնում է ISO/IEC 27001 պահանջներին համապատասխան:

ISO/IEC 27001 ստանդարտը վերաբերում է տվյալների պաշտպանության ոլորտում տեղեկատվության անվտանգությանը ու տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերին և տրվում է դրանց ստեղծման, ներդրման, վերահսկողության ու շարունակական բարելավման ոլորտներում միջազգայնորեն հաստատված ստանդարտների պահպանման համար: Իսկ ISO 27001-ի և IEC-ի ստանդարտներով համատեղ սերտիֆիկացումը նշանակում է անվտանգության առավելագույն աստիճանի համապատասխանություն: 

Սերտիֆիկատը տրվել է երեք տարի ժամկետով՝  էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառավարման, E-health հավելվածների աջակցության ու սպասարկման համար:

«Նման բարձրակարգ միջազգային ստանդարտացում անցնելու համար մենք բավականին երկար ճանապարհ  ենք անցել: Մեր ընկերության համար, որն իրականացնում է  ԱՐՄԵԴ համակարգի տեխնիկական կառավարումն ու բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը,  միջազգային կարգի այսպիսի սերտիֆիկացումը կարևոր էր: Այն հավաստագիր է, որը վկայում է բարձր որակի ծառայությունների մատուցման,  միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող աշխատանքների մասին: Այս ստանդարտն ընդունելի է ողջ աշխարհում, որին համապատասխանում են միայն առաջատար ընկերությունները: Մենք ուրախ ենք, որ տեխնոլոգիական ոլորտի հայաստանյան կազմակերպությունները, հանձինս նաև մեր ընկերության, նույնպես ընդգրկվում են այդ ցանկում»,-ասում է «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Մանուկյանը:

powered by social2s