Գերմանիայի լավագույն բժիշկները կկարողանան ԱՐՄԵԴ-ի միջոցով երկրորդ կարծիք տրամադրել
Ֆրայբուրգի համալսարական հիվանդանոցում հնարավոր է հիվանդությունների հազվադեպ հանդիպող ենթատեսակների ախտորոշում իրականացնել։ Դա իր հերթին առավել թիրախային եւ արդյունավետ է դարձնում բուժումը, այդ թվում՝ նաև այն դեպքերում, երբ հիվանդությունը չի արձագանքում բուժման ավանդական մեթոդներն։
Ֆրայբուրգի համալսարական կլինիկան բարձրակարգ մասնագետների թիմ ունի գրեթե բոլոր բժշկական ոլորտներում՝ օնկոլոգիայից մինչև սրտաբանություն և նյարդաբանություն։ Կլինիկան հայտնի է նորարարական մոտեցումների կիրառմամբ։ ԱՐՄԵԴ-ի հետ համագործակցությունն անուղղակիորեն Հայաստան է բերելու բժշկական հաստատության լավագույն փորձը՝ իր ազդեցությունն ունենալով նաեւ առողջապահական համակարգի զարգացման վրա։
«Այսօր Հայաստանը գնում է դեպի թվային առողջապահություն: Դրա արդյունքում այնպիսի հաստատությունը, ինչպիսին Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան է, երկրորդ կարծիք կկարողանա տրամադրել մեր բուժառուներին: Այս կլինիկան նաև կարողանում է կոնկրետ հիվանդության խմբի մեջ ավելի նեղ տեսակները տարբերակել և դրանց համար թիրախային բուժում առաջարկել, ինչը շատ արդյունավետ է: Այս համագործակցությունը նաև մեզ կրթում է, նրանք իրենց գիտելիքը կիսում են մեզ հետ, ու դա արվում է պրակտիկ եղանակով: Կոնկրետ դեպքերի բուժման ընթացքում, որպեսզի երկրորդ կարծիք տրամադրեն, նրանք կարող են մեզնից պահանջել պարամետրեր, որոնք մենք դեռևս չունենք, բայց համարելով , որ դրանք կարևոր են թիրախային բուժման համար, Առողջապահության նախարարությունը կսկսի այդ պարամետրերը ներդնել: Սա նշանակում է զարգացում, սա նշանակում է առաջընթաց առողջապահության ոլորտում և հոգածություն սեփական քաղաքացիների նկատմամբ», -ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը: