Էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում
Ժամանակակից ու որակյալ առողջապահությունն անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային առողջապահության համակարգի։ Թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, թե՛ Եվրոպական միությունը խրախուսում են անդամ երկրներում առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը՝ այն համարելով բարձրորակ և հասանելի առողջապահության ապահովման կարևոր պայման։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանի երկրների 7️0 տոկոսն էլեկտրոնային առողջապահության ազգային ռազմավարություն ունի։ Հայաստանում Էլեկտրոնային առողջապահությունը նույնպես ներդրման փուլում է։ Համակարգի ներդրումը նախատեսված է ինչպես ՀՀ կառավարության 2017-2023թթ. ծրագրով, այնպես էլ ՀՀ կառավարության 2019թ․ ծրագրով։Հայաստանում Էլեկտրոնային առողջապահությունը հայեցակարգային ձևակերպում ստացավ 2010 թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 50 արձանագրային որոշման ընդունումով։ Նույն թվականին ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների միջև կնքված հուշագրով էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում ներդնելու գործնական քայլերի հիմքը դրվեց: Աշխատանքների համակարգումն ու իրականացումը վերապահվեց «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին։
ՀՀ կառավարության կողմից 2012 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 43 արձանագրային որոշմամբ արձանագրվեց էլեկտրոնային առողջապահության անցնելու անհրաժեշտությունը և հաստատվեց դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը:
Համաձայն նշված ժամանակացույցի՝ 2013 թվականին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում էլեկտրոնային առողջապահության համակարգի մատակարար ընտրվեց «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերությունը:
Այս ընթացքում էլեկտրոնային առողջապահության hամակարգի ներդրումն իրականացվում էր երեք փուլով․

2014թ. ավարտվեց համակարգի տեխնիկական նախագծման փուլը

2015 թ. «ԷԿԵՆԳ» ՓԲԸ և «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերություններն ավարտեցին ծրագրի մշակման, տեղադրման և տեղայնացման աշխատանքների փուլը

2015թ. 4-րդ եռամսյակի ընթացքում պիլոտային համակարգը գործարկվեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում, Գորիսի բժշկական կենտրոնում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում, Բալահովիտի բժշկական ամբուլատորիայում, «Աբովյան» բժշկական կենտրոնում և «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում: