Մեր մասնագետները բուժհաստատություններում ծանոթացել են Էլեկտրոնային առողջապահության համակարգի շահագործման ընթացքին

Ինչպե՞ս  են մայրաքաղաքի և մարզերի բուժհաստատություններն օգտվում Էլեկտրոնային առողջապահության համակարգից։ Ի՞նչ խնդիրների, դժվարությունների են հանդիպում համակարգն օգտագործելու ընթացքում։ Ինչպիսի՞ առաջարկներ ունեն համակարգի կատարելագործման վերաբերյալ։ Այս հարցերի պատասխաններն ստանալու  և տեղերում համակարգի շահագործման ընթացքին ծանոթանալու նպատակով «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության գործառնական բաժինն  այցեր էր նախաձեռնել հանրապետության բուժհաստատություններ՝ լինելով թե՛ մայրաքաղաքի, թե՛ բոլոր մարզերի բուժհաստատություններում։ 

Գործառնական բաժնի մասնագետներից կազմված թիմը  հանդիպել է  բուժհաստատություններում համակարգն օգտագործող մասնագետների հետ, տեղեկացել համակարգի կիրառման ընթացքին, պարզաբանումներ տվել նրանց մատնանշած խնդիրներին,  հավաքագրել առաջարկությունները։  «Մեզ համար կարևոր էր հենց  տեղերում տեսնել, թե ինչպես է  շահագործվում համակարգը, ինչ  հարցեր ունեն  դրանից օգտվող մասնագետները։  Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ այն արդեն հաջողությամբ կիրառվում է։ Իհարկե,  ստացել ենք նաև մի շարք առաջարկություններ, որոնք հիմնականում վերաբերում են համակարգն ավելի   հարմարավետ դարձնելուն։ Դրանք խմբավորվել են,  մի մասին արդեն իսկ  տրվել են լուծումներ։ Մյուսների  վերաբերյալ աշխատանքներն իրականացվում են։ Լուծումների մասին  անպայման տեղեկացնում ենք շահառուներին»,-  ամփոփում է  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության Գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։

Նա  հիշեցնում է, որ  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության «Զանգերի կենտրոնը» գործում է 24 ժամյա ռեժիմով, և համակարգի շահագործման հետ կապված  ցանկացած հարցի դեպքում մասնագետների կողմից անհրաժեշտ պարզաբանումներ են տրվում։

powered by social2s