ԱՐՄԵԴ համակարգի նոր գործիքի միջոցով հղիների հաշվառման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա (2)

Էլեկտրոնային առողջապահության  ԱՐՄԵԴ համակարգի նոր գործիքի միջոցով հղիության նախածննդյան հսկողության նպատակով  իրականացվող հաշվառման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա։  Հաշվի առնելով այն, որ ներկայումս  հղիներն արդեն կարող են հաշվառվել ոչ միայն իրենց տեղամասն սպասարկող մասնագետ բժշկի մոտ, այլև տեղամասից դուրս՝  այլ բուժհաստատությունում,  նոր գործիքը հնարավորություն է տալիս այդ գործընթացը կազմակերպել թափանցիկ, ապահովել տարբեր բուժհաստատություններում  ու տարբեր բժիշկների մոտ հաշվառվելու հղիների իրավունքը և նպաստել, որպեսզի պետության կողմից վճարվող գումարներն ավելի օպտիմալ ծախսվեն։

«Եթե հղին, օրինակ, երեք օր այցելում է մի բժշկի, հետո  որոշում է հաշվառման կանգնել  մեկ այլ բժշկի մոտ  ուրիշ բուժհաստատությունում, այդ  գործընթացն իրականացվում է համակարգի միջոցով, և ամեն բուժաստատություն պետություն կողմից  վճարվում է ըստ հղիի հաշվառման օրերի քանակի։ Այսինքն, հղին, միևնույն է, ստանում է իր անվճար ծառայությունը։ Պարզապես, հաշվառման, նրան բուժծառայություն  մատուցելու գործընթացներն ավելի թափանցիկ են  դառնում, բացառվում են կրկնակի հաշվառումների ու  դրա համար կրկնակի վճարումների  հնարավոր դեպքերը»,
-պարզաբանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության  տնօրեն Ավետ Մանուկյանը։

Նա ավելացնում է, որ Էլեկտրոնային առողջապահության  ԱՐՄԵԴ համակարգի կողմից  հետագայում ներդրվող գործիքները նույնպես ուղղված են լինելու  տարբեր գործընթացների թափանցիկության ապահովմանն ու ծախսերի արդյունավետ կառավարմանը։

Հղիության նախածննդյան հսկողության նպատակով  իրականացվող հաշվառման մասին տեսանյութը հասանելի է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կայքում (armed.am)։
powered by social2s