Նոր ծրագրային ապահովումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգերի համար

 

Երևանում անցկացվող Հինգերորդ միջազգային բժշկական համագումարի  «E-health, առողջապահության ֆինանսավորում» սեկցիայի ժամանակ  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի ներդրման ընթացքն  ու  կատարված աշխատանքները, ինչպես նաև խոսեց  E-health համակարգերով տվյալների փոխանակման ծրագրային նորարարական ապահովումների մասին:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը  կոնցեսիոն հիմունքներով կառավարող օպերատորն է։

Խոսելով համակարգի ներդրման ընթացքի մասին՝   Ավետ Մանուկյանը նշեց, որ ընկերության կողմից  2017 թվականից շահագործվող էլեկտրոնային առողջապահության համակարգին արդեն միացած է հանրապետության 471 բուժհաստատություն, անցյալ տարի համակարգի միջոցով սպասարկվել է ընդհանուր առմամբ 4,283,290 այց, որոնք հիմնականում  պետպատվերով և սոցփաթեթով սպասարկվող այցերն են։ «Համակարգը տեխնիկապես պատրաստ է լիարժեք գործարկման, որը նախատեսվում է օրենսդրական համապատասխան կարգավորումներից հետո»,-ասաց նա:

Նրա խոսքով՝  Հայաստանում գործող էլեկտրոնային առողջապահության համակարգի ծրագրային ապահովումը ամենաառաջադեմներից է։ Այն մշակված է  համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Էրիքսոն Նիկոլա Տեսլա»  ընկերության կողմից, իսկ  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ընկերության  հիմնադիրներից մեկը հանդիսացող  «Սայլեքս» («Sylex SARL») ընկերությունը «Էրիքսոն Նիկոլա Տեսլա»-ի  գլոբալ գործընկերն է։

Ավետ Մանուկյանը ընդգծեց, որ որպես առողջապահության ոլորտի ծրագրային ապահովումների մշակման մեջ մասնագիտացած ընկերություն, «Սայլեքս»-ը մշտապես նոր լուծումներ է առաջարկում։ Դրանցից մեկը նա ներկայացրեց համագումարի մասնակիցներին՝ նշելով, որ այն կոչված  է  հեշտացնել բժշկական  տվյալների փոխանակումը։

«Էլեկտրոնային առողջապահական համակարգերում բժշկական տվյալների փոխանակումն իրականացվում է միջազգային HL7 հայտնի ստանդարտով։ Ներկայումս արդեն մշակվել է նոր սերնդի՝ HL7  FHIR ստանդարտը, որն ավելի մեծ ծավալների տվյալներ է պահանջում։ Սա մի կողմից ավելի ամբողջական է դարձնում տվյալների փոխանակումը, բայց միաժամանակ բավականին բարդացնում է բժիշկների կողմից տվյալների մուտքագրումը։ Խնդիրը պարզեցնելու համար՝ մեր ծրագրավորողները մշակել են այնպիսի ծրագրային ապահովում, որը բավականին հեշտացնում է տվյալների մուտքագրումը։ Արհեստական բանականության տարրերի կիրառումը  հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ու լրացնել տվյալների դաշտերը միայն ըստ անհրաժեշտության»,-ներկայացրեց Ավետ Մանուկյանը։

Նոր ծրագրային լուծումը թեստավորման փուլում է և, ըստ նրա, այն բավականին օգտակար է հատկապես փոքր կլինիկաների համար։

«Մենք պիտի գիտակցենք, որ էլեկտրոնային առողջապահության, և ընդհանրապես, առողջապահության  ոլորտում տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և պիտի փորձենք հետ չմնալ»,-ասաց նա։

 

 Տեղեկանք «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը կառավարող օպերատորը։ Համաձայն  ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի՝ ընկերությունն ապահովում է համակարգի տեխնիկական կառավարումը,  բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը։ 

 

 

powered by social2s