Պետպատվերի շրջանակում սպասարկվող անձինք կարող են առցանց հերթագրվել ուղեգրում նշված բուժծառայությունը մատուցող հաստատությունում. մեկնարկել է պիլոտային ծրագիրը

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կայքում՝ armed.am-ում ավելացվել է նոր գործիք՝ «Այցի հերթագրման առցանց հարցում», որի միջոցով  պետպատվերի շրջանակում սպասարկվող բնակիչները, առաջնային օղակի բուժհաստատություններում ուղեգրվելուց հետո, հեշտությամբ կարող են  հերթագրվել ուղեգրում նշված ծառայությունը մատուցող բուժհաստատությունում:


Գործիքը փորձարկվում է պիլոտային եղանակով: Առայժմ դրանից կարող են օգտվել  ուղեգրող  ութ  բուժհաստատություն՝  պոլիկլինիկաներ մայրաքաղաքից և Տավուշի մարզից և  ընդունող հինգ բժշկական կենտրոն՝ «Արմենիա», «Էրեբունի»,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնները, «Մեդլայն կլինիկ»-ը և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության Գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը, ներկայացնելով գործիքի ներդրման նպատակը, նշում է, որ այն ոչ միայն կրճատելու է հերթերը, այլև ավելի թափանցիկ է դարձնելու պետպատվերի շրջանակում սպասարկումը, օգնելու է  բուժհաստատություններին առավել օպտիմալ բաշխել  իրենց մարդկային և նյութական ռեսուրսները և, ամենակարևորը, հատկապես մարզերի բնակիչներն ստիպված չեն լինի մի քանի անգամ գալ մայրաքաղաք՝  համապատասխան բուժհաստատությունները գտնելու և  հերթագրվելու համար:

«Պիլոտի մասնակից բուժհաստատությունները էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով պետպատվերով սպասարկվող պացիենտի համար (ոչ անհետաձգելի դեպքերի)  լրացնում են էլեկտրոնային ուղեգիր: Պացիենտը կարող է ինքնուրույն կամ բժշկի օգնությամբ armed.am կայքի «Այցի հերթագրման առցանց հարցում» բաժնում մուտքագրել ուղեգրի համարն ու հեռախոսահամարը, որից հետո SMS-ի միջոցով իր հեռախոսին ստանում է  հաստատող  քառանիշ կոդ: Քառանիշ կոդը մուտքագրելուց հետո համակարգը նրան առաջարկում է այն բուժհաստատությունների ցանկը, որոնք մատուցում են ուղեգրում նշված կոնկրետ բուժծառայությունը: Նա կարող է ընտրել դրանցից որևէ մեկը և հերթագրվել: Պացիենտի կողմից ընտրված բուժահաստատությունը, կրկին  ԱՐՄԵԴ համակարգի միջոցով, ստանում է հարցումը, ուսումնասիրում է այն, առաջակում է հերթագրման օր կամ մերժում՝ հիմնավորող պատճառաբանությամբ: Մերժման դեպքում նույնպես պացիենտը SMS-ի միջոցով տեղեկանում է այդ մասին, որից հետք  կարող է համակարգի միջոցով ընտրել նույն ծառայությունը մատուցող այլ հաստատություն»,- պարզաբանում է  Գեորգի Ասատրյանը:

Ներկայումս ուղեգրումն իրականացվում է թղթային եղանակով, և պատպատվերի շահառուներն ստիպված են ուղեգրում նշված կոնկրետ ծառայությունը ստանալու համար հերթագրվել՝ այցելելով  այդ ծառայությունը մատուցող բուժհաստատություններ և միայն տեղում տեղեկանալ հերթագրման հնարավորության ու ժամկետների մասին:  «Երբեմն կարող է  կոնկրետ սարքավորումը չգործել, նախընտրելի ժամկետն արդեն զբաղված լինել և այլն, ու պացիենտը ստիպված է  այցելել մեկ այլ բուժհաստատություն: Հիմա նա պարզապես համակարգի միջոցով կարող է իմանալ այդ մասին, և առանց ավելորդ քաշքշուկի, առանց տարբեր հիվանդանոցներ այցելելու, հերթագրվել ու հիվանդանոց այցելել միայն հերթագրման օրը»,-շարունակում է Գեորգի Ասատրյանը:

Նա ընդգծում է, որ գործիքն առայժմ  կիրառվում է միայն պիլոտին միացած 13 հաստատության համար, որոնց աշխատակիցների համար «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հատուկ ուսուցում է կազմակերպել:

«Սա լավ գործիք է։ Հաջողելու դեպքում նախատեսվում է, որ այն կիրառվելու է ամբողջ հանրապետությունում, և զգալիորեն հեշտացնելու է մեր բնակչության հոգսը»,-եզրափակում է Գեորգի Ասատրյանը:

 

powered by social2s