«COVID-19. Ինքնամեկուսացվածների քարտեզ»-ը կօգնի քաղաքացիներին ավելի զգոն լինել

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով, մշակել է «COVID-19. Ինքնամեկուսացվածների քարտեզ»-ը, որի նպատակն է  ցույց տալ, թե արդյոք  հանրապետության կոնկերտ տարածքում կան կորոնովիրուսի դրական թեստ ունեցող և չհոսպիտալացված քաղաքացիներ: Քարտեզը կօգնի, որ քաղաքացիներն ավելի զգոն լինեն, պահպանեն վարակից խուսափելու կանոնները՝ տեսնելով, որ իրենց գտնվելու կամ բնակության վայրում կան  դրական թեստ ունեցողներ:  Ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքից՝ քարտեզի վրա վարակակիրների հասցեները, որոնք նշված են կարմիր կետերով, 10-100մ  ճշտության են։ Դրանք ժամը մեկ փոխում են դիրքը՝ մնալով նույն 100 մետր շառավղով շրջանակի մեջ։  Քարտեզի տվյալներն անընդհատ թարմացվում են. նոր ինքնամեկուսացվածների տվյալներն ավելանում են, բուժվածներինը՝ հանվում։ «Քաղաքացիները հաճախ դիմում են մեզ՝ ասելով, թե կարմիր կետը հայտնվել է իրենց շենքի վրա, բայց նշված հասցեում դրական թեստով անձ չկա: Սա ճիշտ է: Կոնկրետ տվյալ շենքում կարող է  չլինել, բայց սա նշանակում է, որ վարակակիր կա նշված տարածքում՝ մինչև 100 մ շառավղի վրա: Քարտեզի նպատակը հենց ցույց տալն է, որ տարածքում դրական թեստով  քաղաքացի կա, և պետք է անպայման պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները: Ընդ որում՝ մեկ ժամ հետո կարմիր կետը կարող է հայտնվել այլ հասցեի վրա՝ մնալով նույն 100մ շառավղի մեջ»,-պարզաբանում է  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն  Ավետ Մանուկյանը:

 Անդրադառնալով քարտեզի հրապարակման առաջին օրերի ընթացքում «անմարդաբնակ» վայրերում հայտնված կարմիր կետերին՝  Ավետ Մանուկյանը նշում է, որ դրանք առաջացել էին այն պատճառով, որ Yandex-ի գործիքները փողոցների վերանվանման կամ այլ պատճառներով չեն կարողացել հայտնաբերել հասցեները։ Համակարգը նման դեպքերում հնարավորություն է տալիս օպերատորներին ձեռքով լրացնել մոտավոր հասցեները, և այս դեպքերում կարող է սխալի հավանականություն լինել։ Նման սխալները, բարեբախտաբար, մեծ տոկոս չէին կազմում, և արդեն իսկ շտկվել են:

Առաջիկայում  «COVID-19. Ինքնամեկուսացվածների քարտեզ»-ը  հասանելի կլինի նաև ArMed eHealth բջջային հավելվածի միջոցով։

powered by social2s