QR կոդի միջոցով հնարավոր կլինի իմանալ Covid-19-ի թեստի պատասխանը

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում այսուհետև Covid-19-ի նմուշառման ուղեգրման փաստաթուղթը մուտքագրելուց հետո բուժաշխատողի կողմից  քաղաքացուն տրամադրվող թերթիկը կունենա QR կոդ, որը բջջային հեռախոսի միջոցով սքանավորելով, քաղաքացին կարող է տեսնել իր թեստի պատասխանը՝ այն պատրաստ լինելու դեպքում: Այսինքն, քաղաքացին այլևս ստիպված չի լինի թեստը հանձնելուց հետո զանգահարել լաբորատորիա, այլ պարզապես սքանավորելով QR կոդը, կարող է տեղեկանալ արդյունքի մասին։

Երկչափ պաշտպանված գծիկային կոդի՝ QR կոդի կիրառումը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ստուգել նաև Հայաստանից մեկնող քաղաքացիների կողմից ներկայացվող բացասական թեստի արդյունքների հավաստիությունը։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, ՀՎԿԱԿ-ի հետ համագործակցաբար, ևս մեկ հնարավորություն է ստեղծել ԱՐՄԵԴ համակարգում՝ հեշտացնելով թե՛ երկրից դուրս եկող քաղաքացիների, թե՛ բուժհաստատությունների խնդիրը։

Պատրաստվել և ԱՐՄԵԴ համակարգ է ներմուծվել միջազգայինCovid-19-ի թեստի բացասական արդյունքի մասին հավաստող միասնական ձևաթուղթ, որն արագ լրացվում է և տրամադրվում քաղաքացուն։ «Բուժհաստատություններից արձագանքներ ունեինք, որ իրենցից պահանջվում է լրացնել եռալեզու, կոնկրետ սկզբունքների համապատասխանող տեղեկանք։ Ուստի որոշվեց ստեղծել և համակարգ ներմուծել ստանդարտ ձևաթուղթ, որն արագ լրացվում է և տրամադրվում քաղաքացուն՝ հեշտացնելով ինչպես նրա, այնպես էլ բուժաշխատողների գործը»,-պարզաբանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության Գործառնական բաժնի ղեկավար Գեորգի Ասատրյանը։

powered by social2s