ԱՐՄԵԴ-ում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության պրոցեսների կառավարման հնարավորություն է ստեղծվել

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում ստեղծվել է նոր հնարավորություն՝ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության իրականացման պրոցեսների կառավարման և հետազոտության արդյունքները համակարգում պահպանելու համար։ Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության իրականացման գործընթացում ներգրավված են բոլոր օղակները ՝ պոլիկլինիկաները, մամոգրաֆիայի շարժական սարքավորումը և Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

Հիմա արդեն հնարավորություն է ստեղծվել ԱՐՄԵԴ համակարգի միջոցով այս բոլոր օղակները կապել իրար: Սա նշանակում է, որ համապատասխան ուղեգրերն ավտոմատ ստեղծվում են, առաջարկվում են բժշկին, հետազոտությունների արդյունքները մուտքագրվում և պահպանվում են համակարգում։ Այս ամենը հնարավորություն է տալիս ոչ միայն խուսափել նույն հետազոտությունը կրկնակի անցնելուց, այլև հետագայում, անհրաժեշտության դեպքում, տեսնել հիվանդության զարգացման դինամիկան։

Նշենք, որ կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղն առաջին տեղում է, և Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20%:  Կրծքագեղձի քաղցկեղը բուժելի է, եթե հայտնաբերվում է վաղ շրջանում։ Սակայն վաղ փուլում հիվանդությունը զարգանում է առանց որևէ ախտանիշի ու ցավի, այդ իսկ պատճառով այն վաղ հայտնաբերելու և բուժելու համար որոշակի տարիքից հետո սկրինինգային հետազոտությունը պարտադիր է։

 

powered by social2s