Պատվաստումների մասին տեղեկությունը մուտքագրվելու և պահպանվելու է ԱՐՄԵԴ համակարգում
COVID-19-ի դեմ պատվաստումների մասին տեղեկությունն այսուհետև մուտքագրվելու և պահպանվելու է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում: Համապատասխան ծրագրային թարմացումներն «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության կողմից արդեն իսկ կատարվել են ԱՐՄԵԴ-ում, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) աշխատակիցները վերապատրաստվել են, և անհրաժեշտ տեղեկությունները մուտքագրվում են:
Համակարգում մասնավորապես մուտքագրվելու են պատվաստանյութերի տեսակի, խմբաքանակի, պիտանելության ժամկետի, սերիական համարի վերաբերյալ տեղեկությունները: ՀՎԿԱԿ-ը կարողանալու է տեսնել և վերահսկել շարժը՝ որքան պատվաստում է արվել, որքան պատվաստանյութ է առկա պահեստում, ինչպիսի կարիքներ կան և այլն:
Համադրելով պատվաստումների և թեստերի արդյունքների մասին տեղեկությունները՝ հնարավոր կլինի նաև հստակ պատկեր ստանալ պատվաստումից հետո COVID-ով վարակվածություն հնարավոր դեպքերի, դրանց ժամկետների վերաբերյալ:
Պատվաստանյութերի սերիական համարների գրանցումը թույլ է տալու հնարավոր կողմնակի ազդեցությունների դեպքում արագ պարզել, թե կոնկրետ որ սերիական համարի պատվաստանյութն է խնդիր առաջացրել, և արագ քայլեր ձեռնարկել:
Առաջիկայում հնարավոր կլինի նաև ԱՐՄԵԴ համակարգի միջոցով քաղաքացիներին տրամադրել QR կոդ պարունակող եռալեզու հավաստագիր այն մասին, թե երբ և ինչ տեսակի պատվաստանյութով է անձը պատվաստվել: