Օտարերկրյա քաղաքացիների պատվաստման և Armed-ում QR կոդ ստանալու մասին

Armed eHealth  բջջային հավելվածի միջոցով Armed-ում գրանցվել և QR կոդ ստանալ կարող են օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության քարտ:
Օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր չունեն կացության քարտ և նրանց տվյալներն առկա չեն Բնակչության պետական ռեգիստրում, չեն կարող Armed eHealth բջջային հավելվածի միջոցով գրանցվել  Armed-ում, սակայն պատվաստվելուց հետո բուժհաստատությունից կարող են պահանջել և ստանալ QR կոդ պարունակող թղթային հավաստագիր:

Ինչո՞վ է սա պայմանավորված

Կացության քարտի առկայության դեպքում՝ անձի տվյալները նույնականացվում են Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ, ստուգվում է համապատասխանությունը և նրանք կարողանում են գրանցվել ու Armed-ում տեսնել իրենց QR կոդը:

 Ի՞նչ պետք է անեն օտարերկրյա քաղաքացիները

Մենք հաճախ ենք օտարերկրյա քաղաքացիներից ստանում նամակներ՝ իրենց տվյալներում և մուտքագրման  ֆորմատում առկա անճշտությունների մասին:

Նման խնդիրներից խուսափելու համար՝ օտարերկրյա քաղաքացիներին առաջարկվում է բուժհաստատությունում պատվաստվելիս՝

  1. անպայման ներկայացնել իրենց կացության քարտը (եթե ունեն), եթե չունեն՝ ներկայացնել անձնագիր,
  2. հետևել, որպեսզի իրենց տվյալները (հիմնականում օտարահունչ անուն, ազգանունը) ճիշտ մուտքագրվեն,
  3. պատվաստման երկրորդ դեղաչափն ստանալու ժամանակ անպայման այդ մասին տեղեկացնել բուժհաստատությանը և ներկայացնել կա՛մ կացության քարտ (եթե ունեն), կա՛մ անձնագիր, որպեսզի կատարվի տվյալների ստուգում և նույնականացում՝ առաջին դեղաչափի ժամանակ մուտքագրված տվյալի հետ:

Պատվաստումն իրականացնող բուժհաստատություններին ու բուժաշխատողներին, հետագայում տվյալների ճշգրտման հետ կապված խնդիրներից խուսափելու համար, առաջարկվում է.

  1. օտարերկրյա քաղաքացիների օտարահունչ անունները մուտքագրել՝ ըստ նրանց անձը հաստատող փաստաթղթի,
  2. անպայման հարցնել կացության քարտի առկայության մասին, եթե չունեն՝ պահանջել անձնագիր
  3. մուտքագրումները կատարել կարգավիճակներին համապատասխանող դաշտերում (կացության քարտ ունեցող և չունեցող),
  4. անպայման տեղեկանալ՝ արդյո՞ք դիմողը ստացել է առաջին դեղաչափը (տվյալների ստուգման և նույնականացման համար):

 

powered by social2s