«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը կհամագործակցի Գերմանիայի Ֆրայբուրգի բժշկական համալսարանի թիմի հետ
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունն ու Գերմանիայի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի փորձառու մասնագետները կհամագործակցեն էլեկտրոնային առողջապահության ոլորտում նորարար լուծումների նեդրման ոլորտում: Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի թիմի՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունում կայացած հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեցին նաև ArMed eHealth հավելվածի նոր լուծումները:
Համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ArMed eHealth հավելվածի միջոցով ռադիոլոգիական հետազոտության վերաբերյալ երկրորդ կարծիք ստանալ գերմանացի անվանի պրոֆեսոր, ռադիոլոգ Լորենց Յեգերի կողմից։
«Բժշկական ծառայությունների պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը հնարավոր է բավարարել միայն բժշկական գիտելիքները աշխարհով մեկ տարածելու միջոցով։ Ես անձամբ միշտ բաց եմ նոր գաղափարների համար եւ ընտրել եմ ArMed-ի հետ համագործակցությունը, քանի որ այն մշակել է հիանալի, նորարարական պորտալ։ Այն հրաշալի հարթակ է այն բժիշկների համար, ովքեր ցանկանում են առաջարկել երկրորդ կարծիք, կապ հաստատել հիվանդների հետ և մատուցել այդ ծառայությունները»,- ասաց Լորենց Յեգերը:
Այս հնարավորությունը թույլ է տալիս խուսափել կրկնակի ռադիոլոգիական հետազոտություններից, և արդեն առկա հետազոտությունը ներկայացնելով՝ ստանալ բժիշկ -մասնագետի երկրորդ կարծիք` ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բժիշկների կողմից:
«Ամեն ինչ արված է , որպեսզի լավագույն մասնագետների կողմից, պացիենտի համար հարմար ճանապարհով, որակյալ բժշկական խորհրդատվություն ստանալու հասանելիություն տրամադրվի»,-նշեց «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գործադիր տնօրեն Ավետ Մանուկյանը՝ ավելացնելով, որ այս ծառայությունը թվային համակարգը կատարելագործելու միայն առաջին քայլն է։ Առաջիկայում երկրորդ կարծիք ստանալու նպատակով նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն արտերկրի այլ ճանաչված կլինիկաների հետ։