էլեկտրոնային առողջապահության նոր լուծումներն ու հնարավորությունները ներկայացվել են Global Health 2025 ցուցահանդեսում
Հայաստանում էլեկտրոնային առողջապահության նոր լուծումներն ու հնարավորությունները ներկայացվել են Global Health 2025 ցուցահանդեսում, որն այս անգամ անցկացվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը և ընկերության թիմն առանձին տաղավարով ներկայացրել են Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ոլորտում ներդրված և ներդրվելիք նորարարական լուծումները: Մասնավորապես ներկայացվել են հեռավար բժշկության նոր ֆունկցիոնալ գործիքները՝ առցանց խորհրդատվության տրամադրման, առցանց երկրորդ կարծիք ստանալու հնարավորությունները, Dr Lex կոչվող արհեստական բանականության հատուկ գործիքը, որն ախտորոշման գործընթացում հանդես է գալիս որպես բժշկի օգնական և աջակցում ավելի արագ ու ճշգրիտ ախտորոշման կայացմանը:
Այս նորարարական լուծումները և, հատկապես, արհեստական բանականության հատուկ գործիքը, որը մշակվել է հայ մասնագետների կողմից և արդեն ինտեգրված է ԱՐՄԵԴ համակարգում, մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ խոշոր առողջապահական հաստատությունների, թե՛ տեխնոլոգիական ընկերությունների շրջանում:
Global Health -ը համարվում է համաշխարհային առողջապահության ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը, որը համախմբում է ոլորտի պետական և մասնավոր հատվածների համաշխարհային առաջնորդների, աշխարհի տարբեր երկրներից առաջատար առողջապահական, տեխնոլոգիական ընկերությունների, գիտության ու բիզնեսի ներկայացուցիչների: Այն յուրահատուկ գլոբալ հարթակ է՝ քննարկելու ոչ միայն առողջապահության ոլորտի զարգացման միտումները, այլև գործնականում կիրառելու և ինտեգրելու ընկերությունների կողմից ներկայացվող նորարարական ու թվային լուծումները:
+37411-20-20-33

