ԱՐՄԵԴ-ի պարզաբանումները՝ «Հետք»-ի հրապարակմանը
«Հետք» պարբերականը հրապարակել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության պարզաբանումները, որոնք հրապարկում ենք նաև այստեղ.
Քաղաքացու տվյալների՝ ԱՐՄԵԴ համակարգում չարտացոլվելու մասին: Պետք է հաշվի առնել, որ տվյալներն ինքնաշխատ կերպով են արտացոլվում ԱՐՄԵԴ համակարգում, և ԱՐՄԵԴ-ն այդ հարցում ընտրողականություն չի կարող ցուցաբերել. եթե որևէ տվյալ ԱՐՄԵԴ համակարգում չի արտացոլվում, հարցը պետք է արդեն պարզվի կոնկրետ բնույթի տեղեկության ստեղծման մարմնում: Այսինքն, քաղաքացու՝ ապահովագրության համար հիմք հանդիսացող տվյալները փոխանցվում են համապատասխան պետական մարմնի կողմից և դրանից հետո ինքնաշխատ կերպով արտացոլվում ԱՐՄԵԴ համակարգում: Հարցը պարզապես ԱՐՄԵԴ-ի կարգավորման դաշտից դուրս է:
Բուժհաստատությունում հերթագրումների խնդրի մասին: Հերթագրումների մասով ԱՐՄԵԴ-ն իր կողմից, իր լիազորությունների շրջանակում, ապահովել է անհրաժեշտ ֆունկցիոնալությունը՝ հերթագրման ծրագրային հնարավորություն ստեղծելով: Այս մեխանիզմը լիարժեք գործում է բոլոր այն բուժհատատություններում, որոնք ԱՐՄԵԴ համակարգում մուտքագրել են իրենց բժիշկների աշխատաժամերը: Եթե բուժհաստատությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում հերթերի կառավարման խնդրին, չի մուտքագրում բժիշկների աշխատաժամերը, քաղաքացին այս դեպքում չի կարող հերթագրվել: Այս հարցը ևս դուրս է ԱՐՄԵԴ-ի իրավասության շրջանակից, քանի որ մենք ապահովում ենք ծրագրային ֆունկցիոնալությունը, վերահսկողություն չենք իրականացնում:
Քաղաքացին իր ԱՐՄԵԴ հավելվածում տեսնում է այցեր, որոնք չի կատարել: ԱՐՄԵԴ հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացուն տեսնել բուժհաստատություն կատարած այցերը և ստուգել տեղեկության ճշգրտությունը: Տեղեկությունները մուտքագրում է ոչ թե ԱՐՄԵԴ-ը, այլ համակարգը պարզապես արտացոլում է բուժհաստատությունների կողմից մուտքագրված տվյալերը: Սխալ տվյալների հայտնաբերման դեպքում մենք ստեղծել ենք հնարավորություն, որպեսզի քաղաքացին սեղմելով հավելվածում առկա համապատասխան կոճակը՝ ահազանգի սխալի մասին: Համապատասխան մարմինները պետք է արդեն ապահովեն հետագա գործողությունները: Քաղաքացին կարող է նաև դիմել կոնկրետ բուժհաստատությանը և խնդրել ուղղել սխալը, քանի որ տվյալը միայն կարող է փոփոխել այն մուտքագրած հաստատությունը:
Եւս մեկ անգամ ցանկանում ենք արձանագրել, որ ԱՐՄԵԴ համակարգը էլեկտրոնային հարթակ է և միայն ծրագրային ապահովում է իրականացնում: Համակարգում արտացոլվող յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է համապատասխան հաստատությունների կողմից: Մենք տվյալ մուտքագրելու, տվյալ փոփոխելու, վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունենք:
powered by social2s
+37411-20-20-33

