ԱՐՄԵԴ-COVID՝ մի քանի օրում ստեղծված էլեկտրոնային «շղթան»

 

Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրն անդրադարձել է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին: Հրապարակումն ամբողջությամբ ներկայացվում է ստորև․

Հայաստանում ԱՐՄԵԴ անունով հայտնի  էլեկտրոնային առողջապահության համակարգի տեխնիկական կառավարումը եւ ծրագրակազմի սպասարկումն իրականացվում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության կողմից:  Քչերը, թերևս, գիտեն, որ COVID-ի ընթացքում Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում ստեղծվել է ԱՐՄԵԴ- COVID ենթահամակարգը, որի միջոցով սկսվել է իրական ժամանակի ռեժիմում  տվյալների ներմուծումն  ու  վարակված անձանց հետ կապված բոլոր գործընթացների կազմակերպումը:

Մեդիամաքսը համակարգի ֆունկցիոնալ եւ ծրագրային հնարավորությունների, հետագա զարգացման մոտեցումների մասին զրուցել է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության  տնօրեն Ավետ Մանուկյանի հետ: 

ԱՐՄԵԴ համակարգն ու COVID-ը

COVID-ի սկզբնական փուլում, երբ կառավարության կողմից հաստատվեց համավարակի զսպման ռազմավարությունը, էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը պետք է իրականացներ անհրաժեշտ ծրագրային ապահովման գործընթացները: Էլեկտրոնային առողջապահության համակարգի առջեւ նոր եւ յուրահատուկ խնդիրներ դրվեցին, օրինակ, մեկուսարանների կառավարման համակարգ ստեղծելը:  

ԱՐՄԵԴ-ի առջեւ դրվեց գերխնդիր՝ մի քանի օրվա ընթացքում համակարգում ստեղծել համավարակի զսպման ռազմավարությանը համապատասխանող էլեկտրոնային ենթահամակարգ՝ ԱՐՄԵԴ-COVID-ը:  Մեր ընկերության  ծրագրավորողների մեծ ջանքերի, գիշեր-ցերեկ տևող աշխատանքի շնորհիվ կարճ  ժամկետներում մշակվեց ԱՐՄԵԴ- COVID-ը, որի նպատակը համավարակի հետ կապված բոլոր գործընթացները միմյանց կապելն էր ու ճշգրիտ տվյալների փոխանցելը պետական լիազոր մարմիններին: 

Ավետ Մանուկյանը Ավետ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց սա անգամ գործի կեսն էլ չէր: Առավել կարեւորը մշակված գործընթացների ներդրումն էր, որն իրականացվեց Առողջապահության նախարարության մի խումբ նվիրյալ աշխատողների, բուժհաստատությունների աշխատակիցների, նաեւ՝ կամավորների կողմից:

Համավարակը նոր իրավիճակ էր. այլ բան է, երբ նախապես ծրագրված աշխատանք ես իրականացնում՝ մանրակրկիտ մշակված պահանջներով եւ հստակ ժամանակացույցով, այլ բան է՝ երբ պետք է մի քանի օրում նոր գործընթաց մշակես, այն էլեկտրոնային դարձնես եւ մի քանի  հազար օգտագործող (բժիշկներ, ընդունարանի աշխատողներ, կամավորներ, ՀՎԿԱԿ-ի կենտրոնի աշխատակիցներ, որոնք ԱՐՄԵԴ-ով երբեք չէին աշխատել) ներգրավվես շղթայում:   

Ինչ գործընթացներ են իրականացվում ԱՐՄԵԴ- COVID-ի միջոցով

Համակարգում տվյալները գրանցվում են այն պահից սկսած, երբ քաղաքացին դիմում է գանգատով: Լրացվում են քաղաքացու տվյալները, թեստավորման էլեկտրոնային ուղեգիրը, թեստի արդյունքը, հիվանդանոց տեղափոխման կամ  տնային պայմաններում բուժման տվյալները։ Այս բոլոր պրոցեսներն իրենց հայելային արտացոլումն են գտնում ԱՐՄԵԴ- COVID-ում։  

Մենք ամեն ինչ անում էինք, որպեսզի համակարգն ունենար իրական ժամանակի ռեժիմում աշխատելու գործիքակազմ, եւ դա ստացվեց: Եթե, օրինակ, հիվանդը տեղափոխվեց շտապօգնության հիվանդանոց, մինչեւ հասնելը հիվանդանոց՝ շտապօգնության օպերատորը պետք է ներմուծեր, որ հիվանդն արդեն ճանապարհին է, որպեսզի պատրաստվեր մահճակալը։ Իհարկե, մեծ լարվածության ու ծանրաբեռնվածության պայմաններում պատահում էին որոշակի խախտումներ, բայց հիմնականում շղթան աշխատում էր: Կարծում եմ, հիմա եւս այդ կետի վրա ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի, որպեսզի համապատասխան մարմիններն իրենց մասով տվյալները իրական ժամանակի ռեժիմում շարունակեն մուտքագրել համակարգ, եւ նախագծված մեխանիզմը գործի:

COVID-ը թեստ՝ էլեկտրոնային առողջապահության համար

COVID-ը յուրօրինակ «թեստ» դարձավ էլեկտրոնային առողջապահության բոլոր հնարավորությունները գործնականում կիրառելու համար: Համակարգը պատվով անցավ այդ թեստն ու ապացուցեց իր կենսունակությունը:

 

Ավետ Մանուկյանը Ավետ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ COVID-ը համակարգն ուներ այդ գործառույթները, պարզապես դրանք ողջ ծավալով չէին օգտագործվում։ Ու եթե ապագայում  որոշվի, որ բոլոր հիվանդությունների համար պետք է նույն շղթան գործի, ԱՐՄԵԴ համակարգը այդ հնարավորությունը տալիս է։ Պրոցեսները մետամակարդակի վրա նույնն են, փոխվում են կոդերը, անունները։ COVID-ի ժամանակ աշխատեց նաեւ համաճարակային վերահսկողության գործառույթը, որը եւս միացավ էլեկտրոնային առողջապահության համակարգին, միացավ նաեւ հաշվետվողականության ուժեղ համակարգը, եւ արդյունքում մանրամասն պատկեր տրվեց: 

Վարակվածների թվերի ճշգրտությունը եւ ինքնամեկուսացվածների քարտեզը

Մեզ էլ ժամանակ առ ժամանակ լուրեր էին հասնում, թե իբր վարակվածների ներկայացվող թվերը լիարժեք չեն: Միանշանակ կարող եմ պնդել, որ ներկայացված բոլոր թվերը ճշգրիտ են եղել: Ամեն թվի ետեւում կոնկրետ անձ, կոնկրետ սոցիալական քարտ է: Համակարգը թիվ հաշվելու այլ եղանակ չունի։ 

Ավետ Մանուկյանը Ավետ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքանմեկուսացվածների քարտեզը ու նրա բջջային հավելվածները պատրաստվել են «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության միջոցներով եւ մեր ծրագրավորողների կողմից: Դա համարում ենք նվեր մեր հանրությանը: Բնականաբար, քարտեզի պատրաստման առաջարկը կառավարությունից է եկել եւ նպատակն էր բարձրացնել հանրության զգոնության մակարդակը: Պետական լիազոր մարմինները ցանկանում էին հանրության հետ կիսվել թույլատրելի տեղեկատվությամբ՝  չխախտելով անձնական տվյալների գաղտնիությունը: Ուստի որոշվեց կիսվել դրական թեստ ունեցողների մոտավոր տեղանքով ՝ չբացահայտելով նրանց անձնական տվյալները: Խնդիր էր դրված հանրությանը ցույց տալ, որ ռիսկը իրական է ու պետք է առավելագույնս զգոն լինել  ու հետեւել համավարակի չտարածման կանոններին: Իմ կարծիքով՝ այն ծառայեց իր նպատակին:

 

Ավետ Մանուկյանը Ավետ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեռաբժշկությունը եւ COVID-ի  հնարավոր երկրորդ ալիքը

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը բարձր ֆունկցիոնալություն ունի: Օրինակ, առկա է  հեռաբժշկության կազմակերպման հնարավորություն, ինչը, իմ խորին համոզմամբ, բնակչության համար շատ օգտակար կարող էր լինել հենց COVID-ի համավարակի երկրորդ ալիքի դեպքում:

Ս.թ. հունվարից Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող մի շարք պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարաններ էին ներդրվել, որոնք հնարավորություն են տալիս այցի համար նախապես հերթագրվել, հերթագրված ժամին այցելել պոլիկլինիկա, ստանալ ծառայություն՝ առանց հերթերում երկար սպասելու: Հեռաբժշկությունը կարող է լինել դրա հաջորդ քայլը: Այսինքն, ավելացվում է հերթագրման եւս մեկ  տեսակ՝ քաղաքացին ընտրում է անձնական այցը կամ հեռաբժշկությունը, եւ նշված ժամին տեսակապի միջոցով ստանում իր բժշկի խորհրդատվությունը:  

«Սպասել»-ն այս դեպքում համարժեք է հնարավորության կորստի

Համավարակի այս ընթացքում ավելի շատ միջազգային կազմակերպություններ են պարբերաբար ընդգծում էլեկտրոնային կառավարման համակարգերի, հատկապես՝  էլեկտրոնային առողջապահության՝ e-Health-ի ներդրման ու զարգացման կարեւորությունը:

Ցանկացած գործընթաց մինչեւ նպատակին հասնելը մի շարք փուլեր է անցնում: Էլեկտրոնային հերթագրումը ընդամենը սկիզբն է: Իմ համոզմամբ՝ քաղաքացին ավելի բարձր որակի բուժում կստանա այն ժամանակ, երբ գործեն էլեկտրոնային բժշկական պրոտոկոլները: Սա նշանակելու է, որ քաղաքացին հնարավորություն է ունենալու հանրապետության ցանկացած բուժհաստատությունում ստանալ նույն որակի բուժում՝ նույն ստանդարտով, նույն պրոտոկոլով: Դրան հասնելու  համար պետք է սկսել տարրական հերթագրումից, ռեսուրսների կառավարումից, հետո անցնել մյուս քայլերին:

 

Ավետ Մանուկյանը Ավետ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համոզված եմ, որ մեր երկրում ունենք բոլոր ռեսուրսները արագ առաջ գնալու համար: Պետք է ընդունեք, որ ժամանակը թելադրում է իր պահանջները:  Հաճախ սպասում ենք նոր օրենքների, իրավական կարգավորումների ընդունմանը: Բայց  արագ զարգացող երկրներում էլեկտրոնային պրոցեսներն առաջնային տեղում են,  կարգավորումները հաջորդում են դրանց: Այսինքն, առաջին հերթին գրվում են ծրագրային լուծումները, մշակվում են պրոցեսները, դրանք սկսում են փորձարկվել կամ գործարկվել, հետո գալիս են իրավական կարգավորումները՝ արձանագրելով առկա իրողությունները:

Տեխնոլոգիական թռիչքներն երբեմն այնքան արագ են տեղի ունենում, որ պետք չէ ժամանակ վատնել իրավական կարգավորումներին սպասելու վրա: «Սպասել» բառն այս դեպքում համարժեք է հնարավորության կորստի:

powered by social2s